«Բոլորս էլ հասկանում ենք, որ դա հեշտ ծրագիր չէ». Վահան Մարտիրոսյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինության» լուծարումը չի նշանակում, որ  կառավարությունն անիրատեսական է համարում Հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագիրը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Նշենք, որ ընկերության լուծարման մասին որոշումը կայացվել է այսօր՝ կառավարության նիստի ընթացքում։

«Նախարարության կազմում վարչություն է գործում, վարչությունը կարող է վարել այդ գործառույթները»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ծրագրի ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են, ծրագիրը կառավարության հսկողության տակ է. «Բոլորս էլ հասկանում ենք, որ դա հեշտ ծրագիր չէ»։

Նախարարի խոսքով՝ դա շատ մեծ ծրագիր է, դրա իրականացման համար ժամանակ է հարկավոր, ցանկացած այդպիսի նախագիծ ժամանակ է պահանջում։ Նրա խոսքով՝ մոտավոր հաշվարկներով շինարարության արժեքը կկազմի 3 մլրդ դոլար. «Քննարկվում է երկու ուղղություն՝ դեպի Սևան, այտեղից միանա երկաթգծին, և տարբեր ուղղություններ՝ դեպի Երասխ»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս