«Թալիբան»-ի հրապարակած տեսանյութում առևանգված ամերիկացի պրոֆեսորն օգնություն է խնդրել Թրամփից
«Թալիբան» շարժման զինյալները հրապարակել են իրենց կողմից առեւանգված ամերիկացի պրոֆեսորի տեսաուղերձը, որն օգնություն է խնդրել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից: Այս մասի գրել է «Գարդիան» թերթը:
Ամերիկացի Քեւին Քինգը, որը 60 տարեկան է, եւ նրա գործընկերը՝ 48-ամյա ավստրալացի Ջոն Ուիքսը, հինգ ամիս առաջ առեւանգվել էին Քաբուլում՝ Աֆղանստանում Ամերիկյան համալսարանի ստորաբաժանման մասնաշենքի մերձակայքում:
Գերեվարված Քինգի ուղերձը զինյալները հրապարակել են հունվարի 11-ին, բուն տեսագրությունն արված է հունվարի 1-ին: Տեսանյութում Քինգը ներկայացրել է զինյալների պահանջներն ԱՄՆ-ի իշխանություններին, մասնավորապես, մի քանի «մարտիկների» ազատումը գերյալների փոխարեն:
«Դոնալդ Թրամփ, ես խնդրում եմ ձեզ, ամեն ինչ ձեր ձեռքում է: Խնդրում եմ ձեզ, բանակցություններ սկսեք թալիբների հետ»,-ասված է տեսաուղերձում: Քինգի խոսքով՝ հակառակ դեպքում թալիբները կսպանեն գերյալներին:
Քինգին ներկայացնող տեսանյութը դարձել է միակ հաստատումը, որ նա դեռեւս ողջ է 2016 թվականի օգոստոսին անհետանալուց հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: