Փոխարինող պրեպարատը 8-10 անգամ «էժան է» «Զիպրեքսայից»

Օրերս «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Կարինե Թուխիկյանը 168.am-ին հանձնեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրենց ուղարկված նամակը, որում ասվում էր, որ ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ նպատակահարմար չէ այլևս  «Զիպրեքսա» դեղի մատակարարումը, և այն փոխարինվելու է մեկ այլ պրեպարատով։

Հիշեցնենք, որ Կ. Թուխիկյանի ղեկավարած կառույցը քանիցս ահազանգել է, որ մինչ այժմ հոգեկան խնդիրներով տառապող շահառուներին մատակարարվում էր «որակյալ» դեղ, սակայն այդ դեղի մատակարարումը փորձում են կասեցնել 2017 թվականին։ Խոսքը «Զիպրեքսա» դեղի մասին է, որի ընդունումից հետո, Կ. Թուխիկյանի հավաստիացմամբ, հիվանդներից շատերը կարողացել են վերադառնալ լիարժեք կյանքի։ Այժմ  ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է դադարեցնել այդ դեղի մատակարարումը` պատճառաբանելով, որ այն «թանկ է»։

168.am-ին ՀՀ Առողջապահության նախարարությունից ասել էին, որ ուսումնասիրություններ են կատարվում  խնդրի առնչությամբ։ Այժմ, փաստորեն, ուսումնասիրությունների արդյունքում հանգել են եզրակացության, որ «Զիպրեքսա» դադարելու են մատակարարել։ Կ. Թուխիկյանն էլ նշում է, որ իրենք պայքարի երկրորդ փուլն են սկսելու։

Մենք Առողջապահության նախարարությունից պարզաբանում խնդրեցինք խնդրի առնչությամբ։  Ի պատասախան՝ Առողջապահության նախարարի մամուլի հարցերով օգնական Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ մասնագիտական խմբի կողմից ուսումնասիրություններ էին տեղի ունենում. ուսումնասիրվում էր «Զիպրեքսա» դեղի ստացման ծրագրի բոլոր մանրամասները՝ և՛ բժշկական, և՛ ֆինանսատնտեսական, և՛ առողջապահության քաղաքականության իրականացման տեսանկյունից։

Կարդացեք նաև

«Մասնագիտական հանձնաժողովը պարզել է այդ դեղի ձեռքբերման մանրամասներն այս մի քանի տարիների ընթացքում։ 2012 թվականին դեղը ձեռք է բերվել 3.5 հազար դրամով՝ 10 միլիգրամանոց մեկ հաբի համար, այնուհետև՝ 2015-16 թվականներին, ծրագրի շրջանակներում 10 միլիգրամանոց մեկ հաբը ձեռք է բերվել 1136 դրամով։ Ծրագրի շրջանակներում մեկ հիվանդի համար տարեկան 423.3 հազար դրամ է ծախսվում։ Համեմատության համար պետք է ասել, որ օնկոլոգիական հիվանդների համար մեկ հիվանդի տարեկան սպասարկումը 146 հազար դրամ է կազմում։ Հայկական  «Օլանզապինն» անցնում է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, և հազարավոր մարդիկ Հայաստանում ընդունում են այդ պրեպարատը, 73 հազար դրամ է կազմում տարեկան մեկ հիվանդի ծախսը։ 10 միլիգրամանոց դեղը ձեռք է բերվում 144 դրամով, այսինքն՝ մոտավորապես 8-10 անգամ ավելի մատչելի»,- նշեց Ս. Մկրտչյանը։

Մենք հետաքրքրվեցինք, թե էֆեկտիվության առումով «Զիպրեքսա» դեղի  համեմատ ի՞նչ ցուցանիշներ ունի այդ դեղը։ Ի պատասխան՝ Ս. Մկրտչյանն ասաց.

«Կարող եմ փաստել, որ ավելի շատ մարդիկ են օգտագործում այս դեղամիջոցը, քան մյուս երկրների արտադրությունները։ Եթե խնդիր լիներ, ապա դա կլիներ համատարած։ Այսինքն՝ որևէ պրեպարատի կողմնակի էֆեկտների արտահայտված դրսևորումներ, խնդիրներ, անարդյունավետություն, նման տեղեկություն բացարձակապես չկա»։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ծախսարդյունավետ» քաղաքականություն է իրականացվում, որպեսզի ոլորտի ծախսերն ավելի նպատակահարմար լինեն, ցուցանիշներն ավելի բարելավված լինեն, այն ծրագիրը, որով «Զիպրեքսա» էր մատակարարվում,  ոչ նպատակահարմար է համարվել.

«Դուք ինքներդ տեսնում եք թվերի տարբերությունները։ Այնուամենայնիվ, նախարարությունը և այդ մասնագիտական խումբը որոշում է կայացրել, որ ծրագրում ընդգրկված 100 հիվանդների համար, որոնց մոտ «Զիպրեքսայից» հոգեբանական կախյալություն կա, կյանքի ընթացքում նկարագրվել են հայկական «Օլանզապինի» հետ կապված կողմնակի ազդեցություններ, որոշվել է, որ հումանիտար խողովակով ձեռք կբերվի «Օլանզապին», որն օգտագործվում է նաև այլ երկրներում»։

Մեր այն հարցին էլ, թե ի՞նչ երաշխիք կա, որ այս դեղն արդյունավետ կլինի, քանի որ հիվանդների հարազատներից շատերը հակառակն են պնդում, Ս. Մկրտչյանն այսպես պատասխանեց.

«Իսկ ինչո՞ւ պետք է չլինի։ Այնքան մարդիկ կան, որոնք խմում են հենց այդ նույն «Զիպրեքսան» և չեն ունենում այն նույն արդյունքը և էֆեկտը, որն անհրաժեշտ է այդ պրեպարատը խմելու դեպքում ստանալ։ Այսինքն՝ միանշանակ չէ, և նույն ձևով կարելի է կասկածել «Զիպրեքսայի» էֆեկտիվությանը։ Դեղերը փորձաքննության ենթարկված են, դեղի անվտանգության արդյունավետության մասին մենք կասկածներ չենք կարող ունենալ, այն բազմաթիվ այլ երկրներում կիրառվում է»։

Ի դեպ, մենք փորձեցինք որոշ դեղատներում գտնել դեղամիջոցները և համեմատել դրանց արժեքը: Դեղատներից շատերում չկային այդ դեղամիջոցները: «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցում հայկական «Օլանզապինի» 10 միլիգրամանոց 1 հաբն արժեր 700 դրամ, իսկ «Զիպրեքսայի» 10 միլիգրամանոց 1 հաբը՝ 2560 դրամ։

Տեսանյութեր

Լրահոս