Առողջապահության նախարարությունը որոշել է դադարեցնել «Զիպրեքսա» դեղի մատակարարումը
«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Կարինե Թուխիկյանը 168.am-ին հանձնեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրենց ուղարկված նամակը։
Այդ նամակում ասվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի համապատասխան մասնագետներից կազմված խումբը մանրամասն ուսումնասիրել է բոլոր խնդիրները, որոնք արծարծվել են Կ. Թուխիկյանի ներկայացրած դիմումում՝ կապված ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության առաջին փսիխոտիկ էպիզոդի կլինիկայում «Զիպրեքսա» դեղի կիրառմամբ գործող Ծրագրի հետ։
Նամակում նաև նշվում է, որ ուսումնասիրություններ են կատարվել, և, ըստ այդ ուսումնասիրությունների՝ հանգել են այն եզրակացության, որ «Զիպրեքսա» և «Օլանզապին» դեղերն ընդունող խմբերի մեջ «ցայտուն» տարբերություններ չկան։
«Հաշվի առնելով վերոգրյալն ու փաստելով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որդեգրել է առողջական ցուցանիշների բարելավման ծախսարդյունավետ ծրագրերի իրականացման քաղաքականություն, հանգում են այն եզրակացությանը, որ արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգանության մեջ նպատակահարմար է շարունակել առաջին փսիխոտիկ էպիզոդի մեթոդը՝ դեղորայքի բաղադրիչը փոխարինելով այլ ջեներիկ օլանզապինով։ Այնուամենայնիվ, ծրագրում ընդգրկված 100 հիվանդների համար, որոնց մոտ առկա է «Զիպրեքսա» դեղից հոգեբանական կախյալություն, և կյանքի ընթացքում նկարագրվել են «Օլանզապին» դեղի հետ կապված կողմնակի ազդեցություններ, հումանիտար խողովակով ձեռք է բերվելու «Օլանզապին»»,- գրված է նամակում։
Հիշեցնենք, որ Կ. Թուխիկյանի ղեկավարած կառույցը քանիցս ահազանգել է, որ հոգեկան խնդիրներով տառապող շահառուներին մատակարարվում էր «որակյալ» դեղ, սակայն այդ դեղի մատակարարումը փորձում են կասեցնել 2017 թվականին։ Խոսքը «Զիպրեքսա» դեղի մասին է, որի ընդունումից հետո, Կ. Թուխիկյանի հավաստիացմամբ, շատ հիվանդներ կարողացել են վերադառնալ լիարժեք կյանքի։ Այժմ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է դադարեցնել այդ դեղի մատակարարումը` պատճառաբանելով, որ այն «թանկ է»։
168.am-ին Առողջապահության նախարարությունից ասել էին, որ ուսումնասիրություններ են կատարվում այս խնդրի առնչությամբ։ Այժմ, փաստորեն, ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ «Զիպրեքսա» դադարելու են մատակարարել։ Կ. Թուխիկյանն էլ նշում է, որ իրենք պայքարի երկրորդ փուլն են սկսելու տոներից հետո։