«Նոր տարուն ոչ ոք չի կարող մի քանի կիլոգրամ ճարպ հավաքել. հավաքում ենք հեղուկ, որից հեշտ է ազատվել». բժիշկ-սննդաբան
«Նոր տարուց հետո եթե դեռ սնունդ է մնացել, ապա իմ միակ խորհուրդը դեն նետելն է: Եթե սնունդը պատրաստված է Նոր տարվա համար, պետք է խիզախություն հավաքել և դեն նետել այն: Ես հասկանում եմ, որ մեզ մոտ շատ դժվար է այդ գործողությունն անելը, բայց չարժե այդ սնունդը որևէ մշակման ենթարկել և ուտել: Մեր մարմինն ամենաթանկ բանն է, և այն աղբաման չէ. մի ափսոսեք հին կերակուրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց բժիշկ-սննդաբան Հասմիկ Աբովյանը:
Օրգանիզմը բեռնաթափել ցանկացողներին բժիշկը խորհուրդ չի տալիս երկար քաղցած մնալ կամ մի ամբողջ օր միայն ջուր խմել.
«Օրգանիզմը բեռնաթափել՝ նշանակում է՝ ծանր սնունդից հրաժարվել, խմել կանաչ թեյ, սուրճ, ջուր: Չնայած՝ շատ վաղուց գիտությունն ապացուցել է սուրճի օգտակար հատկությունները, բայց մեր ժողովրդի մեջ, չգիտես՝ ինչու, դեռ կարծրացած է այն տեսակետը, որ սուրճը վնասակար է: Եթե դուք բեռնվել եք այս օրերին, շատ ծանր կերակուր եք կերել, ալկոհոլային խմիչքներ եք օգտագործել, ապա առաջին դեղը ձեր լյարդի համար սուրճն է. ըմպեք սուրճ, խմեք շատ ջուր, կերեք թեթև բաներ, հրաժարվեք քաղցրից, ճարպերից: 1-2 օրը բավական է բեռնաթափվելու համար»:
Սննդաբանի խոսքով՝ Նոր տարուն շատերի մոտ քաշի ավելացում է տեղի ունենում հեղուկի տեսքով, որից հնարավոր է ազատվել.
«Ոչ ոք չի կարող մի քանի կիլոգրամ ճարպ հավաքել, դա հնարավոր չէ, մենք հավաքում ենք հեղուկ, և օրգանիզմը չի կարողանում դա հաղթահարել, ու այտուցներ են առաջանում: Եվ եթե մենք 1-2 օր թեկուզ հրաժարվենք աղից, ապա այդ մի քանի ավելորդ կիլոգրամներից (որոնք իրականում լիտր-հեղուկներ են) կազատվենք ու մեզ թեթև կզգանք: Մենք պետք է հասկանանք, որ, եթե ուզում ենք լինել առողջ, պետք է հետևողականորեն առողջ սնունդ ընդունենք»:
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ, եթե կերակուրները թարմ են, ճիշտ են պատրաստված, ապա դրանք խառը ընդունելն օրգանիզմին որևէ վնաս չի կարող տալ.
«Մարդիկ միշտ էլ խառն են ուտում, ուղղակի պետք է սնունդը ճիշտ պատրաստված լինի»: