«Սեմերիկովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ժամանակավոր լուծում է». ռազմական փորձագետ
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության քվեարկությունը կկայանա ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովների ժամանակ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությանը։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա, այնինչ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը քվեարկության արդյունքում պետք է ստանձներ ՀՀ ներկայացուցիչը ռոտացիոն սկզբունքով։ «2016-ի դեկտեմբերի 31-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Նիկոլայի Բորդյուժայի պարտականությունների ավարտման կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները դրվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Անատոլի Սեմերիկովի վրա»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։
Վլադիմիր Եվսեևն ասաց, որ քարտուղարի այս փոփոխությունն անակնկալ էր։ Սակայն, ըստ նրա, սա ամենայն հավանականությամբ՝ ժամանակավոր լուծում է, քանի որ ՀԱՊԿ կանոնադրությունը ենթադրում է քվեարկություն այդ պաշտոնի ընտրության համար։
«Այսինքն՝ այն քվեարկությունը, որն անընդհատ հետաձգվում է ՀԱՊԿ վերջին մի քանի գագաթաժողովների ժամանակ, այնուամենայնիվ պետք է կայանա ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովների ժամանակ, պարզապես Բորդյուժայի պարտականությունները մինչև ապրիլ կկատարի Սեմերիկովը։ Իսկ առաջիկայում կանցկացվի քվեարկությունը։ Կարծում եմ՝ այս ժամանակը հնարավորություն կտա հարթել այն տարաձայնությունները, որոնք առաջացել են գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ։
Իմ համոզմամբ՝ այս հարցը պետք է լուծվի այնպես, ինչպես որոշված է եղել նախապես, այսինքն՝ ՀԱՊԿ նախագահությունը պետք է ստանձնի ՀՀ ներկայացուցիչը, սակայն այստեղ մի շարք տարաձայնություններ են առաջացել Ռուսաստանի և Ղազախստանի ու Բելառուսի դիրքորոշումներում, որոնք կլուծվեն՝ հօգուտ ՀԱՊԿ-ի վարկանիշի»,- նման կարծիք հայտնեց Եվսեևը։
Վերջինիս համոզմամբ՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակմամբ չի փոխվելու ՀԱՊԿ-ի գործունեությունը, քանի որ ՀԱՊԿ-ի գործունեության ոլորտները և սահմանները հստակ են։ «Հստակ է, որ ՀԱՊԿ-ն չի կարող միջամտել ԼՂ հակամարտությանը, ՀԱՊԿ-ը պետք է միջամտի, երբ թուլանում է ՀՀ անվտանգությունը, և սպառնալիքի տակ են հայտնվում ՀՀ սահմանները, ինչպես արեց օրեր առաջ՝ հայտարարություն տարածելով և ուղերձներ հղելով Ադրբեջանին»,- ասաց Եվսեևը։
Նրա համոզմամբ՝ չափազանց կարևոր է պահպանել ՀԱՊԿ վարկանիշը, որի համար ՀԱՊԿ անդամ երկրները ջանքեր պետք է գործադրեն, իսկ Հայաստանը պետք է պնդի իր իրավունքները։