Մկրտիչ Արզումանյանը մերժել է Հայկ Մարությանի հետ անգամ նույն գովազդում նկարահանվելու առաջարկը
Դերասան Հայկ Մարությանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում իր տեսքի առնչությամբ ֆեյսբուքյան էջում պարզաբանել է. «Բեղերը բնական են, պահել եմ դերի համար»:
Հայկ Մարությանը նաեւ գրել է, «Պատասխանել եմ ձեր ուղարկած հարցերին անկեղծ և ուղիղ, այնպես որ ներող»:
Հաղորդման ընթացքում նա պարզաբանել է, որ չի անդամակցի որևէ քաղաքական ուժի և չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին:
Ինչպես նշում է aravot.am-ը, հաղորդման ընթացքում Հայկ Մարությանը հերթական անգամ անդրադարձել է Մկրտիչ Արզումանյանի հետ համագործակցության դադարեցման պատճառներին. «Աշխատանքային առումով մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ պետք է աշխատենք առանձին: Ճիշտն ասած՝ դա իմ իդեան չի եղել»:
Ըստ նրա՝ «Կարգին թիմը» գործում է նույն կազմով. «Ցավոք սրտի, բացակայում է Մկրտիչ Արզումանյանը»: Հայկ Մարությանը բացահայտել է, որ բազմիցս առաջարկներ է արել նախկին գործընկերոջը միասին երբեմն նախագծեր անելու, սակայն հավանություն չի ստացել: Ամիսներ առաջ էլ եղել է գովազդի առաջարկ՝ Մկոյի և Հայկոյի մասնակցությամբ. «Ես իմ հավանությունը տվեցի, ցավոք սրտի՝ Մկոն մերժեց»:
Հայկ Մարությանն անդրադարձել է Հանրային հեռուստառադիոընկերությանը. «Եթե չեմ սխալվում՝ տարեկան մոտ 16,5 միլիոն դոլար գումար է ստանում մեր պետական բյուջեից… իմ ձեռքը որ ճար լիներ՝ ես վաղը կփակեի այդ հեռուստաընկերությունը»: Ըստ նրա՝ փոխարենը կարելի է ժամեր վարձել մասնավոր հեռուստաընկերությունում:
«Եթե հարցնեք, թե ինչ եք անում այդ գումարը, կասեն՝ բա գիտեք՝ էդ վիշկեն պահում ենք, էս ռեմոնտը անում ենք, էս շենքը տաքացնում ենք, գիտեք՝ ինչեր ենք անում… դա մեր փողերով է արվում, ասել է Հայկ Մարությանը: Իմ մոտեցումը սա է ՝ ով է նայում, քանի հոգի է նայում այդ հեռուստատեսությունը… եթե նայում են շատ փոքր թվով մարդիկ, նշանակում է բոլորի փողերը ծախսում են շատ քիչ մարդկանց համար: Տպավորությունն այնպիսին է, որ այդ դիտողները դառնում են մեր պատգամավորների նման՝ մեծ փողերը քիչ մարդիկ են վայելում»: