Սյունիքում մոր և մանկան մահվան դեպքից հետո Առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց, որ իրենք օրերս վերջացրել են բժշկի էթիկայի կանոնների թարգմանությունը գերմաներենից։
«Ճիշտ է, մեր բժիշկները տալիս են երդումը, անցնում են բժիշկների էթիկայի առարկան, բայց որոշեցինք, որ ճիշտ կլինի՝ այդ ամենը ձևավորել նախարարի հրամանով և պարտադիր դարձնել, ինչը և կկատարվի Նոր տարվա առաջին եռամսյակին»,- նշեց նախարարը։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում մոր և մանկան մահվան դեպքերի հետ կապված՝ հաշվի առնելով, որ օրերս Սյունիքում ևս նման դեպք գրանցվեց։
Ի պատասխան՝ նախարարն ասաց.
«Ամեն դեպքից հետո նախարարությունն իր քայլերը և՛ արել է, և՛ անում է, և՛ կշարունակի անել, բայց որպեսզի կանխենք դեպքերը, մենք որոշեցինք գնալ մի քիչ այլ ճանապարհով, և Սյունիքի ցավալի դեպքից հետո հրահանգեցինք երկրի գլխավոր մասնագետին՝ կիսամյակի ընթացքում զրույցներ, թրեյնինգներ և ատեստավորումներ ունենալ երկրում գործող բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների հետ, որոնք 900-ից ավելի են։ Այդ ամենից հետո գլխավոր մասնագետն իր երաշխիքը կտա նրանց աշխատանքի համար։ Այսօր նախարարությունը չունի լծակներ՝ կանխելու նրանց գործունեությունը, բայց համապատասխան փոփոխությունների փաթեթ ևս նախարարության ներքո մշակվում է, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա ոչ պատշաճ բժշկական ծառայություն մատուցող բժիշկների լիցենզիան կասեցնել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։