«Թուրքիայի հայությունը վախի մթնոլորտում է ապրում». Սայաթ Թեքեր
Այսօր կազմակերպված «Թուրքիայի ներքաղաքական զարգացումները և ազդեցությունը տարածաշրջանի և Հայաստանի վրա» թեմայով քննարկման ընթացքում «Նոր զարթոնք» շարժման համահիմնադիր, փորձագետ Սայաթ Թեքերը, ով Ստամբուլից քննարկմանը միացել էր տեսազանգի միջոցով, ասաց, որ զինվորական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում իրավիճակ է փոխվել. Էրդողանն ուզում է սուլթանություն ստեղծել:
«Բայց ընդդիմություն էլ կա՝ քրդական շարժումը, որը հաջողություններ է գրանցում, բայց միևնույն ժամանակ՝ քրդերի նկատմամբ ճնշումներ կան: Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում քրդերի դեմ Ցեղասպանությունը հիշեցնող ջարդեր եղան, ռմբակոծեցին նրանց թաղամասերը: Պետությունն իր իսկ երկրում ավերածություններ է անում: Հայերի դեմ ուղղակի ոչինչ չեն արել, բայց միշտ ասում ենք, որ քրդերի դեմ նրանց սկսած «պայքարը» միայն թուրք-քրդական պայքար չէ, այլ թուրքերի և խաչակիրների պայքարն է, որի մասնակիցն են նաև կրոնափոխ հայերը: Ատելության խոսքեր միշտ հնչում են հայերի դեմ, և հիմա տեսնում ենք, որ գրեթե միշտ հայկական եկեղեցիների կամ դպրոցների պատերին ատելության խոսքեր են գրվում: Ուղղակի հարձակումներ չենք տեսնում, բայց Թուրքիայի հայությունը վախի մթնոլորտում է ապրում»,- ասաց նա՝ հավելելով, որ Թուրքիայում ապրող հայերը սկսել են արտագաղթել այնտեղից:
Քննարկման մյուս բանախոսը՝ Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Գևորգ Մելիքյանի խոսքով՝ Թուրքիան անցնում է շատ լուրջ փոփոխությունների միջով, և ըստ նրա՝ դեռ պարզ չէ, թե դրանք ինչ վեկտոր կունենան, դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա:
«Տարածաշրջանում իր դերակատարությունն ակտիվացնում է Ռուսաստանը, և այդ սխեմաներում ակտիվ դերակատարում ունի նաև Թուրքիան: Սիրիական հարցում Թուրքիան և Ռուսաստանը, լինելով հակադիր կողմերում, այժմ գտնվում են գրեթե այն վիճակում, որ կարողանում են համագործակցել և միասին իրականացնել ռազմական գործողություններ: Սա նշանակում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձևավորվում է որոշակի համագործակցություն, որը չի կարող ազդեցություն չունենալ այս տարածաշրջանի վրա»,- ասաց նա՝ նկատելով, որ Թուրքիան խնդիրներ ունի Արևմուտքի հետ և մանևրում է ՌԴ-ի ու Արևմուտքի միջև:
«Ռուսաստանը փորձում է մինչև հունվար Թուրքիային տանել իր կողմը, իսկ հունվարի վերջին ԱՄՆ-ը կունենա նոր նախագահ, որը, եթե նույնիսկ շարունակի այսօրվա վարչակարգի քաղաքականությունը տարածաշրջանում, միևնույն է՝ շատ կոնկրետ փոփոխություններ կանի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նրա՝ Ռուսաստանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի, Իրանի միջև տեղի ունեցող գործընթացներում դեռևս հստակեցված չէ Հաայստանի դերը. «Հայաստանն իներցիոն քաղաքականություն է փորձում վարել՝ մտածելով, որ իր փոխարեն բոլոր հարցերը կլուծեն, և ինքը կկենտրոնանա միայն ղարաբաղյան խնդրի լուծման վրա, բայց զարգացումները ցույց են տալիս, որ լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում տարածաշրջանում, որոնց հիմնական նախաձեռնողը ռուսական կողմն է: Հայաստանը՝ լինելով ՌԴ դաշնակիցը, չեմ կարծում, որ անմասն մնա այդ գործողություններից»: