«Եթե մեկն արջի քոթոթ է պահում իր մոտ, մենք պետք է արձանագրենք, որ սա անօրինական գործողություն է». Արծվիկ Մինասյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ Հանրապետության հրապարակի տոնածառի համար օգտագործված բնական եղևնու ճյուղերը հակաօրինական ճանապարհով չեն ձեռք բերված, բայց համակարծիք էր լրագրողների հետ, որ պետք է լուծումներ գտնել այդ ուղղությամբ. «Մինչև մայր տոնածառին հասնելը, մեզ համար նաև սկզբունքային նշանակություն ունի մեր բոլորի բնակարաններում համապատասխան տոնածառերի ձևավորման գործընթացը նույնպես:
Հիմա մենք նախարարությունում քննարկում ենք՝ ստեղծել մի ծառայություն, որը թույլ կտա համապատասխան միջավայրում ձևավորել տարբեր տեսակների, չափսերի եղևնիներ, և դրանք, հողի մեջ դրված, համապատասխան հարմարանքով՝ տալ վարձակալության կամ դնել վաճառքի:
Այդպիսով՝ եղևնին չի վնասվի ու կծառայի նաև՝ որպես տոնածառ: Այսինքն՝ այնպիսի լուծումներ տալ, որպեսզի բնապահպանական հարցերն ու քաղաքացիների ձգտումը՝ ավելի ճոխ, լավ մոդելներ ունենալու, համատեղվեն: Մեր նախարարության խնդիրը հենց հավասարակշռման մեջ պետք է լինի»:
Անդրադառնալով Սևանա լճում տեղի ունեցող որսագողության դեպքերին, նա ասաց, որ մինչև դեկտեմբերի 25-ը նախատեսված էր լճում սիգի որսի սահմանափակման առաջին փուլը, և դրական տեղաշարժ է արձանագրվել. «Ամբողջությամբ բավարարված չենք, բայց մեր գնահատմամբ՝ հնարավոր եղել է շուրջ 80%-ով պահպանել այն հնարավորությունը, որ սիգը կարողանա բնական ճանապարհով իր վերարտադրության ընթացքն ունենալ:
Այն համագործակցությունը, որ ձևավորեցինք Ոստիկանության, մարզպետարանի, Ազգային պարկի հետ միասին, բավական լավ հիմքեր է տալիս, որպեսզի հետագայում շատ ավելի նոր մոտեցումներ կիրառենք՝ ունենալու համար ավելի բարձր արդյունքներ: Այն արգելքը, որ դրված է այսօր, բացարձակ արդյունավետությամբ չի փայլում: Հասարակության մոտ էլ օբյեկտիվ պահանջ կա՝ օգտվելու Սևանի հնարավորություններից, և պետք է փորձենք այս համատեքստում լուծում տալ: Հետևաբար՝ նախարարությունը ոչ միայն պետք է պահպանման մասին մտածի, այլ նաև պահպանման խնդիրը տեսնենք նաև համայնքներում՝ տարբեր աշխատանքների միջոցով»:
Նա հույս հայտնեց, որ երկրորդ փուլում՝ հունվարի 7-20-ը, նույնպես կունենան արդյունավետ սահմանափակում. «Եվ գարնան շրջանն է շատ կարևոր, երբ պետք է իրականացվեն մանրաձկան պահպանման միջոցառումներ, որպեսզի այս ձկները կարողանան մեծանալ: Անարդյունավետ արգելված մեխանիզմից պետք է անցում կատարենք կառավարելի ձկնորսության մեխանիզմին և դրա համար հունվարի վերջին նախատեսել ենք Սևան ազգային պարկի խորհրդի նիստ, որտեղ քննարկելու ենք նաև տարբեր առաջարկվող մոդելներ»:
Ինչ վերաբերում է տարբեր ժամանցային վայրերում և օլիգարխների այգիներում պահվող վայրի կենդանիների խնդրին, նախարարն ասաց, որ դա իրենց համար սկզբունքային խնդիրներից մեկն է, ու արդեն կառավարությանը ներկայացրել են որոշման նախագիծ, որը մի կողմից՝ թույլ կտա այդ կենդանիների մասով իրականացնել ընթացիկ հսկողական աշխատանքներ և կազմակերպել կենդանիների տեղափոխումը համապատասխան վայրեր, իսկ երկրորդ մոդելը, ըստ նախարարի՝ այն է, որ թույլտվությունների համակարգ գործի՝ անհրաժեշտ նվազագույն ամբողջական երաշխիքների ենթահամակարգերով. «Այսինքն՝ եթե մեկն արջի քոթոթ է պահում իր մոտ, առաջին հերթին՝ մենք պետք է արձանագրենք, որ սա անօրինական գործողություն է:
Մենք պետք է այնպիսի համակարգ առաջարկենք, որ, եթե անգամ անձը ցանկանում է այդպիսի պահպանություն իրականացնել, նվազագույն պահանջներին բավարարի, ստանա թույլտվությունը, որպեսզի մենք էլ կարողանանք մոնիտորինգ անցկացնել»:
Նախարարը նշեց, որ դրանց թվում կան նաև Հայկական կարմիր գրքում գրանցված կենդանիներ: