«Ես ոչ միայն պետք է մասնակցեմ առաջիկա ընտրություններին, այլև պետք է առաջ տանեմ իմ կուսակցության գաղափարները». Արծվիկ Մինասյան

Այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՀՀ կառավարության 2016թ. գործունեության ծրագրով նախատեսված բոլոր 6 միջոցառումները և երկու գերակա խնդիրներն իրականացվել են սահմանված ժամկետում:

«Երկու գերակա խնդիր ենք ունեցել. Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքների իրականացում, էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնի ստեղծում, և երկուսն էլ իրականացվել են: Նախարարության կողմից ստեղծվել է 41 իրավական ակտ, դրանց մի մասը կառավարության որոշումներով արդեն հաստատվել է, մի մասը գտնվում է հաստատման փուլում»:

Նախարարը կարևորեց ազգային պարկերի ստեղծումը և ասաց, որ Ջերմուկ ազգային պարկի ստեղծման նպատակով նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Լրագրողներից մեկը նախարարից հետաքրքրվեց Ամուլսարի հանքի շահագործումից և մեջբերելով ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի խոսքերը, որ դեռևս 1988 թվականին Ամուլսարի հանքի շահագործումը համարվել է վտանգավոր, նախարարին հարցրեց, թե ինչո՞ւ այսօր իշխանությունները գնացին հանքավայրի շահագործման ճանապարհով, երբ դեռ տարիներ առաջ դրա վտանգավոր լինելու վերաբերյալ եզրակացություն է տրվել:

Ի պատասխան լրագրողի հարցի՝ նախարարն ասաց, որ Ամուլսարի հետ կապված բոլոր գործընթացներն իրականացվել են փորձաքննությունների հիման վրա, իսկ փորձաքննություններն օրենքի շրջանակում տվել են դրական եզրակացություն:

«Ես՝ որպես Սահմանադրությունն ընդունող և օրենք հարգող մարդ, շարժվելու եմ օրենքով: Եթե կա այլ մոտեցում, իրավական հիմնավորում՝ եզրակացությունը վերանայելու, հրապարակային ենք հայտարարել՝ մենք պատրաստ ենք քննարկել: Բայց չի կարելի անընդհատ խոսել մի թեմայի մասին՝ առանց իրավական հիմքերի վերանայված փաթեթին ուշադրություն դարձնելու, որովհետև սրա արդյունքում մենք վնասում ենք այն նախաձեռնությունները, որոնք կապված են նաև բնապահպանական ծրագրերի հետ:

Հետևաբար՝ իմ առաջարկը, հորդորը, խնդրանքը՝ ամեն ինչ տեղափոխենք իրավական հարթություն, և միայն այդ դեպքում մենք կարող ենք արձանագրել և կունենանք Սահմանադրությամբ ամրագրված, իրավական պետություն: Ես խորին հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց և կազմակերպությունների հանդեպ, որոնք անաչառ կերպով փորձում են վերլուծել իրավիճակը: Բայց շատ կարևոր է նաև, որ մեր քաղաքացիներից ու այդ կազմակերպություններից ստանանք այլ առաջարկներ:

Ի դեպ,  փորձաքննության այն համակարգը, որը գործում է Հայաստանում, ես գտնում եմ ոչ բավարար: Այն պետք է ուժեղացնենք այն աստիճանի, որ հասարակության մոտ նման տարակուսանք չառաջանա»,- պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ, եթե ունենայինք այնպիսի փորձաքննական համակարգ, որը կապահովեր բոլոր տիպի հարցերի ամբողջական պատասխանները, ապա շատ հարցեր չէին առաջանա:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ օգուտներ է քաղում Դաշնակցությունն իր գործունեությունից և արդյո՞ք իր գործունեությունից ՀՅԴ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է ավելի շատ քվե ակնկալել, նա այսպես պատասխանեց. «Բնականաբար, լինելով քաղաքական պաշտոնում նշանակված անձ և լինելով ՀՅԴ անդամ՝ ես ակտիվորեն ոչ միայն պետք է մասնակցեմ առաջիկա ընտրություններին, այլև պետք է առաջ տանեմ իմ կուսակցության գաղափարները, մոտեցումները:

Երբ նշանակվել եմ նախարար, հայտարարել եմ, որ ինձ համար առաջնորդող երեք փաստաթուղթ կա՝ խմբագրված Սահմանադրությունը, ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթը և այն հուշագիրը, որ ստորագրվել է 2 քաղաքական ուժերի միջև: Այս բոլոր փաստաթղթերով հանդերձ՝ կա հստակ տեսլական՝ տեսնել Հայաստանն ավելի բարեկեցիկ, շրջակա միջավայրի տեսակետից՝ ավելի բարեկարգված և կայուն զարգացում երաշխավորող համակարգերով:

Բնականաբար, մեր ընտրողների ձայների մի զգալի հատվածը պայմանավորված է լինելու նաև այն կուսակցության պատասխանատուի աշխատանքով, որը կառավարության անդամ է, և որի վարքագիծը կապված է կուսակցության վարքագծի հետ: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր ընտրողները տեսնեն, որ այն, ինչ հայտարարվում է Դաշնակցության կողմից, չի մնում թղթի վրա»:

Լրագրողի դիտարկմանը՝ արդեն սկսե՞լ է նախընտրական քարոզարշավը, նա պատասխանեց՝ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս