
Քիսինջերը Թրամփին առաջարկել է մտերմանալ ՌԴ-ի հետ՝ ընդդեմ Չինաստանի. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար մշակվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման պլան։ Այդ նախագծի հեղինակն է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, հայտնում է գերմանական Bild պարբերականը։
Ինչպես նշում է տաբլոիդը, 93-ամյա դիվանագետը, որը բազմիցս հանդիպել է Պուտինի հետ, ճիշտ է համարում Ռուսաստանի հետ մերձեցումը Չինասըանի ուժեղացման ֆոնին։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հավասարակշռությունը, նրա կարծիքով, կնպաստի գլոբալ կայունության ամրապնդմանը։
Bild-ը, վկայակոչելով արևմտյան հատուկ ծառայությունների վերլուծություններին, պնդում է, որ ԱՄՆ նախագահը Քիսինջերի խորհրդով չեղարկելու է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Բացի այդ՝ նա իբրև պատրաստվում է խորհուրդ տալ Թրամփին ճանաչել Մոսկվայի՝ Ուկրաինայում, Բեռլառուսում, Վրաստանում ու Ղազախստանում ազդեցության գոտու իրավունքը։
Առաջարկվում է մշակել Ուկրաինայի քաղաքական ու տնտեսական զարգացման պլան, որի համաձայն՝ Ռուսաստանը պետք է երաշխավորի այդ երկրի արևելյան հատվածի անվտանգությունը։