Ողջ Խաչիկ գյուղը` վարկային կազմակերպությունների ճիրաններում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի տարի է շատ գյուղացիական տնտեսություններ չեն կարողանում իրենց վարկային պարտավորությունները կատարել և կանգնած են ողջ ունեցվածքը կորցնելու վտանգի առջև: Կան նույնիսկ այնպիսիք, ովքեր նախորդ վարկը փակելու համար նոր վարկ են վերցրել և ավելի խճճվել վարկային թնջուկի մեջ:

«Խաչիկ գյուղի ողջ բնակիչներն իրենց ունեցվածքը գրավադրել են բանկում և այդ գումարները տվել են իրենց համագյուղացուն, որպեսզի նա իր խանութն աշխատեցնի: Այդ անձնավորությունը չի կարողացել աշխատեցնել իր խանութը, և այսօր ողջ գյուղը վարկի տակ է։ Այդ պարագայում մենք ի՞նչ անենք։ Երբ գյուղացին վարկ է վերցնում, ինքը պետության չի հարցնում վարկ վերցնի՞, թե՝ ոչ։ Գյուղացին ինքն է նման որոշում կայացնում, և ինքն էլ պետք է հաշվարկի իր ռիսկերն ու հնարավոությունները։ Երբ չի ստացվում, ասում են՝ պետությունը իմ վարկը փակի։ Դա հակասում է նորմալ տրամաբանաությանը։ Ինչպե՞ս կարող է ողջ գյուղը վարկ վերցնի, տրամադրի իր համագյուղացուն, հետո պետությանն ասի՝ իմ վարկը համաներեք»,- ասում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը

«Ընդհանուր պարտքը, որ վերցրել ու տվել են Մնացականյան Արսեն, Իսկանդարյան Ալվարդ ամուսիններին մոտ 80 մլն դրամ է կազմում: Նրանք խանութի տերերն են ու տարիներ շարունակ ժողովրդից գումարներ են վերցրել, օգտագործել, տոկոսները փակել, սակայն 2015 թ.–ին չկարողացան պարտքերը փակել և ողջ գյուղը հայտնվեց այդ վիճակի մեջ: Մեր կարծիքով մեզ համար միակ ցանկալի լուծումն այն կլինի, որ այդ պարտքը փոխանցվի նրանց անունով, որից հետո էլ իրենք ու իրենց ժառանգները տարիներ շարունակ վճարեն այն»,- ասում է Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը։

Վ. Ներսիսյանը նշեց նաև, որ գյուղի 90%–ն այդ վիճակում է, իսկ վարկերը վերցրել են «Արեգակ» և «Ֆինքա» վարկային կազմակերպությունից, 24% տոկոսադրույքով: Համայնքի ղեկավարի խոսքով իրենք կապ են տեսնում վարկառուների ու վարկային կազմակերպությունների միջև, այլապես անգործ և եկամուտ չունեցող գյուղացուն որևէ մեկը վարկ չէր տա:

«Խնդրին տեղյակ է նաեւ երկրի ղեկավարը: Հանձնարարել է հարցն ուսումնասիրել, սակայն արդեն յոթ ամիս է որևէ արձագանք չկա»,- ասում է Խաչիկ համայնքի ղեկավարը:

Ու թեև քրեական գործ է հարուցված ու քննություն է գնում, սակայն փաստաթղթերն այնպես է ձևակերպված եղել, որ այսօր ժողովուրդը չի կարողանում ապացուցել իր անմեղությունը: Ու չնայած իրական պարտատերերը պարտավորագիր են տվել գյուղացիներին, բայց կարծես թե դրան առանձնապես ուշադրություն չի դարձվում, և այսօր մարդիկ կանգնած են վտանգի առջև: «Ովքեր աշխատում են, նրանց հաշիվների վրա կալանք է դրված և մարդիկ արդեն մտածում են աշխատանքից ազատվելու և գյուղը լքելու մասին: Սա ամենամտահոգիչ վտանգն է, որն այսօր կախված է մեր գյուղի վրա»,– ասում է Վ. Ներսիսյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս