ՀՀ-ում գործող ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն դեկտեմբերի 31-ին հնարավոր է նոր ցիկլոնի ներթափանցում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տարածքն այս պահին շարունակում է գտնվել Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ բերել է ջերմաստիճանի բարձրացում և տեղումներ:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախորդ օրերի հետ համեմատ օդի ջերմաստիճանը Հայաստանում արդեն բարձրացել է 10-15 աստիճանով: «Այսօր գիշերն Արարատյան դաշտում գրանցվել է ընդամենը -6…-7 աստիճան ցուրտ՝ նախորդ օրերի -20…-22-ի փոխարեն: Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղացել. հատկապես առատ տեղումներ են գրանցվել Ջերմուկի հատվածում և Արարատյան դաշտում»,- մանրամասնեց Սուրենյանը:

Նա ընդգծեց, որ այսօր ամբողջ օրը ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, իսկ վաղվանից սկսած ազդեցությունը կթուլանա: «Ամպամածությունը կթուլանա և հիմնական տեղումները կդադարեն, բայց չի բացառվում, որ առանձին հատվածներում թույլ ձյունը շարունակվի: Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին՝ առաջիկա 5 օրերին այն էապես չի փոխվի: Ջերմաստիճանի նվազում չենք կանխատեսում, քանի որ և՛ տաք օդային հոսանքները, և՛ ամպամածությունը պահպանվելու են»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանն այսօր ԱԻՆ-ում ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ ներկայացնելով առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը՝ հայտնել է, որ դեկտեմբերի 31-ից նոր ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք, կանխատեսվում է առատ ձյուն, սակայն ջերմաստիճանի նվազում չի սպասվում: Գագիկ Սուրենյանին խնդրեցինք մանրամասնել, թե ներթափանցող նոր ցիկլոնն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի եղանակի վրա եւ արդյո՞ք Երևանում ևս Ամանորի առաջին օրերին տեղումներ են սպասվում: Ի պատասխան Սուրենյանն ասաց, որ ցիկլոնը, որի մասին խոսել է Վարդանյանը՝ դեռ հստակ չի երևում, ուստի դժվար է այսօր խոսել դրա ազդեցության մասին։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս