«Մենք հստակ հասկանում ենք, թե որքան կարևոր է այդ գազը Հայաստանի համար, և հետևելու ենք պարտականությունների հստակ կատարմանը». Գիա Խուխաշվիլի
Այսօր տեղի ունեցած «Վրաստանի «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի վաճառքից բխող ռիսկերը Հայաստանի համար» թեմայով քննարկման ընթացքում վրացագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ դա բացասաբար չի անդրադառնա Հայաստանի վրա, քանի որ, ըստ նրա՝ դա հնարավորություն կա մեծացնել ներդրումներն այդ ընկերությունում, և գուցե մոդեռնիզացվի Վրաստանով Հայաստան եկող գազամուղը:
Այս հարցի վերաբերյալ Հայաստանի համար հիմնական ռիսկն այն է, որ բաժնետոմսերը կարող է գնել ադրբեջանական «Սոկար» նավթագազային ընկերությունը՝ ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական շահերից ելնելով:
Էներգետիկայի հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն այստեղ լուրջ ռիսկեր է տեսնում. «Այս հարցը պետք է մի քանի տեսանկյունից դիտարկել: Այդ գազամուղը այդքան էլ գրավիչ չէ, և ես Վրաստանի իշխանությունների մոտիվացիան հասկանում եմ, թե ինչու են ցանկանում վաճառել այն: Բայց այստեղ մի քանի կարևոր հարց կա. եթե այդ գումարները գնան գազամուղի մոդեռնիզացման վրա, ապա դա դրական կլինի, բայց ես խիստ կասկածում եմ, որ այդ գումարները գազամուղի մոդեռնիզացման վրա ծախսվեն: Ինչո՞ւ է ադրբեջանական «Սոկարն» այդքան շահագրգռված դրա ձեռքբերմամբ. քաղաքական նպատակներ է հետապնդում: Եթե բաժնետոմսերի 25 տոկոսը լինի «Սոկարի» ձեռքին, ապա դա Հայաստանի համար ռիսկային կլինի»:
Վրաստանի Զարգացման ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գիա Խուխաշվիլին համաձայն չէր հայ փորձագետի հետ, քանի որ, ըստ նրա՝ հարցը ոչ թե քաղաքական է, այլ տնտեսական, և կապված է Վրաստանի ներքին խնդիրների հետ: Ըստ նրա՝ մեծ է նաև հավանականությունը, որ այդ բաժնետոմսերը կարող է գնել «Գազպրոմը» կամ իրանական կողմը:
«Լոգիկան հասկանալի է՝ Վրաստանի ներդրումները պետք է բարձրացնել, պետք է լուծել դեֆիցիտի խնդիրը: Մեզ մոտ ևս այս առումով խնդիրներ կան: Եթե այլ ռիսկերին անդրադառնանք, ապա կարող եմ ասել, որ, եթե, օրինակ՝ «Սոկարը» գնեց 25 տոկոսը, հետո՞ ինչ: Նախ՝ 25 տոկոսը կարևոր իրավունքներ չի տալիս կառավարման տեսակետից: Երկրորդ՝ Վրաստանը միջազգային պարտավորություն ունի, և ով էլ լինի գազատարի ղեկավարը, վրացական կողմը հստակ հետևելու է ստանձնած պարտավորություններին: Բացի այդ, ես հասկանում եմ, որ խնդիրներ կան, բայց ադրբեջանական ընկերությունը ևս միջազգային պարտավորություններ ունի և պետք է պահպանի դրանք: Այնպես որ, որևէ դրամատիկ սցենար հնարավոր չէ: Մենք հստակ հասկանում ենք, թե որքան կարևոր է այդ գազը Հայաստանի համար, մենք հետևելու ենք պարտականությունների հստակ կատարմանը»,- ասաց նա:
Նա հավաստիացրեց, թե վրացական կողմից հայտարարում են, որ, եթե «Սոկարը» գնի այդ ակցիաները, միևնույն է, դա լինելու է վերահսկողության ներքո, և հարցը քաղաքական տեսանկյունից չի օգտագործվի:
Քննարկվեց նաև այն հարցը՝ արդյոք իրանական գազը կարո՞ղ է այլընտրանք լինել Հայաստանի համար ֆորսմաժորային իրավիճակներում: Արմեն Մանվելյանի խոսքով՝ Իրանի նախագիծը հետաքրքիր է, և ֆորսմաժորային իրավիճակներում այն լիովին կարող է Հայաստանին ապահովել գազով. «Իհարկե, «Գազպրոմի» գազին այլընտրանք չի կարող լինել, քանի որ այն բարձր գին ունի»: