«Առաջին քննարկման օրինակ կարելի է դիտարկել Մշակույթի նախարարության տեղափոխումը Գյումրի». Դավիթ Լոքյանը՝ Երևանից տեղափոխվող նախարարությունների մասին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին՝ իրեն հաջողվե՞լ է մարզպետներին և գյուղապետներին հասկացնել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումով խաղի կանոն է փոխվել, և, եթե նախկինում մարզպետների, գյուղապետների հետ հանդիպումներն արարողակարգային էին, ապա այսօր վարչապետը կոնկրետ առաջադրանքներ է տալու և պահանջելու է արդյունքներ, պատասխանեց, թե Կարեն Կարապետյանը չի փոխել, այլ կատարելագործել է գոյություն ունեցող մշակույթը:
«Շատ քայլեր կային, որոնք երկրում ընթացքի մեջ էին, և վարչապետը բարեփոխումների նոր ուղղություն է բերել՝ պայմանավորված ծրագրային աշխատանքի մոդելավորմամբ, հստակեցմամբ: Սա մարզպետների համար փոփոխված իրավիճակ է. այսօր մարզպետներն առավոտից երեկո աշխատում են, որպեսզի ունենան իրենց համայնքների զարգացման հնգամյա ծրագրերը, իսկ նախկինում այն եղել է քառամյա: Նրանք իրենց համապատասխան ծրագրային բաժիններով աշխատում են, որպեսզի ունենան մարզի ռազմավարությունը, իսկ դրանից հետո՝ գործառնական ծրագրերը: Մեզ ամեն օր ուղարկում են մարզում կատարվող տարբեր տնտեսական ծրագրերը: Չի կարելի ասել, թե դրանք կատարյալ են, բայց նախարարությունն աշխատում է դրանք բիզնես տեսքի բերել և ներկայացնել այլ գերատեսչություններ»:
Իսկ հարցին՝ ի՞նչ օգուտներ է քաղում Դաշնակցությունն իր գործունեությունից և արդյո՞ք իր գործունությունից ՀՅԴ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է ավելի շատ քվե ակնկալել, նա այսպես պատասխանեց. «Ի՞նչ է շահում կամ կորցնում Դաշնակցությունը, դա ժողովուրդը պետք է գնահատի ընտրություններին, և ընտրությունների արդյունքում մենք կարող ենք ձևակերպել այդ հարցի պատասխանը: Ես չեմ ուզում ամպագոռգոռ խոսքեր ասել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է՝ առաջիկայում որոշ նախարարություններ Երևանից տեղափոխվեն տարբեր մարզկենտրոններ: «Քննարկումներն ընթացքի մեջ են. առաջին քննարկման օրինակ կարելի է դիտարկել Մշակույթի նախարարության տեղափոխումը Գյումրի: Մենք ունենք հանձնարարություն կառավարությունից. հաշվարկվում է շենքերի արժեքը, տեղափոխման ծախսերը, աշխատակիցների հնարավորությունները՝ տեղափոխվելու կամ Երևանից աշխատանքի մեկնելու, Գյումրու ունեցած պոտենցիալը: Մեր, Քաղաքաշինության և Մշակույթի նախարարություններին հանձնարարված է՝ պատրաստել այդ փաթեթները: Դրա որոշումը կընդունի կառավարությունը՝ նախագահի հետ միասին, և դա կլինի մյուս տարվա ընթացքում: Այդ կարգի քննարկումներ կան նաև մեկ-երկու այլ նախարարությունների մասով, բայց դրանք դեռևս վերջնական չեն. խոսվում էր Գյուղատնտեսության նախարարության մասին, և այլն»: