
Շաքարավազը թանկացել է

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրվել է շաքարավազի գնի 30 դրամով (9%) բարձրացում, ինչի պատճառների և հիմնավորվածության բացահայտման համար ներկայումս ուսումնասիրությունները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով` դեռևս ընթացքի մեջ գտնվող Հանձնաժողովի դիտարկումները փաստում են, որ տեղի է ունեցել շաքարավազի հումքի միջազգային գների բարձրացում: Մասնավորապես, 2016 թվականի հոկտեմբերին 2016 թվականի հունվարի համեմատ շաքարավազի հումքի միջազգային գների աճը կազմել է շուրջ 52 տոկոս: «ՏՄՊՊՀ-ի կողմից կատարվող դիտանցումները առաջնահերթ կարգով ընդգրկում են սոցիալական կարևորության այն ապրանքատեսակները, որոնց գծով առկա են խոշոր ընկերություններ»,-ասաց նա:
ՏՄՊՊՀ մամուլի խոսնակը նշեց, որ մանրածախ առևտրի ոլորտում առաջնային սպառման ապրանքների գների փոփոխությունները արձանագրելու և վերահսկելու նպատակով, հանձնաժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ամենօրյա կտրվածքով մոնիթորինգ է իրականացնում մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում, թե սպառողների և թե բարեխիղճ տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով: