«Այո, սրընթաց բարձրացել է պետական պարտքի մակարդակը». Ֆինանսների փոխնախարար
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1007 01 D վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որով ՀՀ կառավարությանը կտրամադրվի 40 միլիոն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է՝ աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին՝ 3 հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանման և մրցունակության ամրապնդման։ Վարկի պայմաններն արտոնյալ են, վարկի մարման ժամկետը 20 տարի է՝ 6.5 տարի արտոնյալ ժամկետայնությամբ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ միգուցե տարատեսակ աղյուսակներով մենք համարվում ենք ոչ ռիսկային պարտքային բեռ ունեցող երկիր, չնայած՝ «5 միլիարդի հոբելյանական սահմանագիծն անցել ենք և սրընթաց արդեն կանցնենք 6-ը և 7-ը». «Բայց մեր երկիրն ունի 0 ներդրումային միջավայր, և մեր տնտեսության հետագիծը, առաջնագիծը և տեսլականը բացարձակ պոզիտիվ չեն, բացի հայտարարություններից, բացի հռետորական խոսքերից։ Եթե մենք հատենք այդ ռիսկային սահմանը, և երկիրն այլևս դառնա ոչ վարկունակ, ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս եք այդ խնդիրը լուծելու։ Ելքը ո՞րն է, այսօր էլ կքվեարկենք, վաղն էլ կքվեարկենք, և երկիր կդառնա այլևս ռիսկային՝ որևէ վարկի տրամադրման համար»:
Կ. Թամազյանը կիսեց Ն. Զոհրաբյանի մտահոգությունը միայն այն մասով, որ երկիրը ներդրումների կարիք ունի. «Բայց մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որ հակառակ էֆեկտ չունենանք ներդրողների համար։ Այն, որ ասում եք՝ սրընթաց բարձրացել է պետական պարտքի մակարդակը, այո, բարձրացել է, և դա ինքնանպատակ չի բարձրացել։ Խնդիրը կայանում է նրանում, որ մակրոտնտեսական հավասարակշռություն պետք է ապահովես երկրում, որ, ձեր ասած՝ ներդրումները, մնացած բոլոր տնտեսական երևույթները կարողանան առաջ գնալ»։