«Հայաստանը ստանում է հնարավորություն` ճեղքելու թուրք-ադրբեջանական թշնամական շրջափակումը»
Մեր զրուցակիցն է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը
– Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան մեծ ոգևորություն է առաջացրել հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում։ Ի՞նչ կտա Հայաստանին այս այցը, ինչո՞վ է այն կարևոր մեզ համար։
– Նման բարձր մակարդակի այցը չափազանց կարևոր է երկկողմ հարաբերությունների համատեքստում։ Ընդ որում` որքանով կարևոր է Հայաստանի համար, նույնքանով կարևոր է Իրանի համար` հաշվի առնելով տարածաշրջանային վերջին զարգացումները և փոփոխությունները, որտեղ, փաստացիորեն, Իրանի համար դեպի հյուսիս ելք ապահովելու ունակ Հայաստանից բացի, մյուս երկու երկրները` Ադրբեջանը և Թուրքիան, իրենց դրսևորեցին հակաիրանականության ծիրում։
Մասնավորապես, տեղի ունեցավ Իսրայելի վարչապետի այցն Ադրբեջան, որի ընթացքում քննարկվել են նաև հակաիրանական ծրագրեր, ինչպես նաև` Թուրքիայում իրանական ներկայացուցչությունների դեմ զանազան ցույցեր տեղի ունեցան` կապված Հալեպի գործողության հետ։ Եվ այս համատեքստում` տարածաշրջանային իրավիճակը կարծես թե նպաստավոր պայմաններ է ստեղծել հայ-իրանական հարաբերությունների համար։
Եթե այս ամբողջ գործընթացը դիտարկելու լինենք Հայաստանի շահերի տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ Իրանի նախագահի չափազանց կարևոր հայտարարությունն առ այն, որ Իրանը շարունակում է Հայաստանը դիտարկել` որպես կարևորագույն ուղի` այդ երկիրը Եվրոպայի և Սև ծովի տարածաշրջանների հետ կապելու համար, մենք ստանում ենք հնարավորություն` Պարսից ծոց և Սև ծով միջանցքի շրջանակներում ճեղքելու թուրք-ադրբեջանական թշնամական շրջափակումը։
Ընդ որում, հնարավորություն ենք ստանում ոչ միայն չեզոքացնել այդ շրջափակման բոլոր հետևանքները, այլ նաև Հայաստանը վերածել, տարածաշրջանային իմաստով` կարևորագույն երկրի։ Երկրի, որը ոչ միայն տնտեսական առումով մեծ շահույթ կարող է ստանալ` նման ծրագրի մասնակցելով, այլ նաև ակնհայտորեն, աշխարհաքաղաքական առումով, բոլորովին նոր դերակատարություն կստանձնի։ Այս հարցում շատ կարևոր է, որ Իրանի պես հզոր տարածաշրջանային պետությունը փաստացիորեն աջակցում է մեզ, և սա պայմանավորված է նաև Հայաստանի ճշգրիտ դիրքորոշմամբ։
Մեր երկիրն այս տարիների ընթացքում թե՛ Իրանի համար դժվարին օրերին, թե՛ պատժամիջոցներից հետո ընկած ժամանակահատվածում իրականացրել է շատ կայուն արտաքին քաղաքական ուղեգիծ` Իրանի հետ հարաբերություններում` նախ` չմասնակցելով որևէ հակաիրանական գործողության, իսկ պատժամիջոցներից հետո ընկած ժամանակահատվածում` գործադրելով լրջագույն ջանքեր` Իրանի հետ մեր հարաբերությունները նոր որակի բարձրացնելու առումով։ Հարաբերություններ, որոնք ունեն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, և թե՛ մշակութային բաղադրիչներ։
– Իրանի նախագահն Արցախի հետ կապված հայտարարություն արեց` մասնավորապես նշելով, որ Իրանի համար Հայաստանը և Ադրբեջանը բարեկամ երկրներ են, և հույս հայտնեց, որ ականատես կլինեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը կլինի ողջ տարածաշրջանի օգտին։ Նա նաև ասաց, որ` «անկասկած այս խնդիրը ռազմական լուծում չունի»։ Նմանատիպ հայտարարությամբ հավասարության նշան չի՞ դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև` Ղարաբաղյան հարցում։
– Իրանը գրեթե միշտ նմանատիպ դիրքորոշում է ունեցել դիվանագիտական մակարդակում, բայց մի կարևոր հանգամանք կա. Իրանի դիվանագիտության հռետորաբանությունը և Իրանի իրական գործերը շատ դեպքերում կարող են չհամընկնել։ Հենց Հայաստանում այս պահի դրությամբ նախանշված օրակարգը բավարար է` հասկանալու, թե ինչ նշանակություն ունի այս այցը նաև արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում, որովհետև ուժեղ Հայաստանը նշանակում է այս հակամարտության հայանպաստ մեկ այլ` լրացուցիչ կռվանի առկայություն։ Իսկ Իրանն ամեն կերպ նպաստում է Հայաստանի ուժեղացմանը, որը բխում է նաև այս երկրի շահերից` հաշվի առնելով խնդիրների այն հսկայական փունջը, որն առկա է Իրան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում։
Այս տեսանկյունից` բոլորովին պատահական չէ, որ ադրբեջանական քարոզչամեքենան այսօր ամբողջ օրվա ընթացքում, ինչպես ասում են, բան ու գործը թողած` լծվել է Իրանին «պախարակելու» գործին` սկսած այնպիսի անմիտ հայտարարություններից, ինչպիսին` Իրանը փրկում է խեղդվող օկուպանտին, վերջացրած խորագրերով, որոնց բովանդակությունը մոտավորապես այնպիսին է, որ Իրանը և Ադրբեջանն այլևս չեն կարող համարվել եղբայրներ, չնայած` եղբայրական այդ հարաբերությունները երբեք էլ չեն եղել։ Եթե ադրբեջանցիները չեն կարող համարվել Իրանի եղբայրներ, ապա մենք հաճույքով պատրաստ ենք ստանձնել այդ դերակատարությունը։
– Այս այցից հետո Իրան-Ադրբեջան հարաբերությունների վատացմա՞նն ենք ականատես լինելու։
– Ըստ էության, այժմ էլ այդ հարաբերությունները վերադարձել են այն վիճակին, որոնցում էին մինչև Ռոուհանիի իշխանությունը։ Այսինքն` այն վերընթաց կորագծի պատրանքը, որը կար երկու երկրների հարաբերություններում, հիմա վերադարձել է նախկին իրավիճակին` փաստացիորեն զրոյական արդյունքով։ Իրանական կողմի խիստ հայտարարությունները, հատկապես` կապված Իսրայելի վարչապետի այցի ու Ադրբեջանի հակաիրանական դիրքորոշումների հետ, լրջորեն ազդում են այս հարաբերությունների վրա։
Մի կարևոր հանգամանք էլ կա. եթե դիտում ենք Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների օրակարգը, ապա, բացի հակաիրանականության այլ տարրերից` փաստացիորեն ենթադրվում է, որ անվտանգության ոլորտում, այսպես կոչված` ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի քողի տակ, Ադրբեջանի ներսում իրականացվելու է շիայական հավատացյալների կամ շիայական ընդդիմության ճնշում, ինչը, բնական է, չի կարող լրջորեն չանհանգստացնել Իրանին` հակաիրանական մյուս բաղկացուցիչների հետ միասին։
Ասվածը չի նշանակում, թե իրանցիները վաղվանից, պատկերավոր ասած` պատերազմ են հայտարարելու Ադրբեջանին։ Նման հայտարարություն չի լինելու, բայց գործողությունները երկարաժամկետ ծրագրերով բերելու են նրան, որ իրականում մենք ականատես ենք լինելու առնվազն Ադրբեջանի հանդեպ դիրքորոշումների փոփոխության։
– Ադրբեջանն այս անգամ Իրանին առաջարկելու ոչինչ չունի՞։
– Ադրբեջանցիները կարծես թե հնարավոր բոլոր առաջարկներն արդեն արել են, բայց այդ առաջարկների զգալի հատվածն արվել է` ի հեճուկս Հայաստանի կամ Հայաստանի հետ մրցավազքի պայմաններում, և դրանց զգալի մասն անիրականանալի խնդիրներ են պարունակում իրենց մեջ։ Մասնավորապես, խոսքն Իրան-Ադրբեջան երկաթուղուն հատկացվելիք ֆինանսավորման մասին է։ Ֆինանսավորում, որի մասին բազմիցս խոսվել է, բայց որի վերաբերյալ ներկայումս Ադրբեջանը խուսափողական դիրքորոշում է որդեգրել։ Այսինքն` շատ դեպքերում ադրբեջանական կողմը երկարատև և անմիտ մրցակցության մեջ մտնելով Հայաստանի հետ` խոստացել է բաներ, որոնք ի վիճակի չէ իրականացնել, և Իրանն էլ դա հստակորեն գիտակցում է։