«Ադրբեջանի և Ռուսաստանի համար զսպիչ մեխանիզմը հենց դա է». Ստեփան Գրիգորյան
«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր զինվորները, ստորին, միջին մակարդակի սպաներն ու ժողովուրդը պատրաստ են հայրենիքը պաշտպանել, հայրենասեր են՝ ի տարբերություն իշխանությունների»,- այսօր կազմակերպված «ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը. 2016-ի ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ չնայած մեծ ջանքերին՝ Մինսկի խումբը չկարողացավ 2016թ. վերսկսկել բանակցային պրոցեսը: «Պարզ երևում է, որ Ռուսաստանը ոչ միայն միջնորդ է ղարաբաղյան կոնֆլիկտում, այլ նաև ունի շահեր, և ավանդույթի համաձայն՝ փորձում է իր շահերն առաջ քաշելով՝ ինչ-որ հարցեր լուծել: Օրինակ՝ Ռուսաստանն ուզում է, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, և այնքան ուժեղ է ուզում, որ ճնշում է մեր իշխանություններին, ուզում է՝ մենք գնանք զիջումների, որ այդ հարցը լուծի»,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական կողմը միշտ էլ պասիվ է եղել բանակցային գործընթացում, և ըստ նրա՝ հիմա էլ է պասիվ, ոչ մի առաջարկներ չենք լսում հայկական կողմից:
«Միգուցե դա կապված է նրա հետ, որ մեր սուվերենության աստիճանն այդքան էլ բարձր չէ, ինչ-որ տեղից թելադրում են: «Բանակցություններ» բառը մենք կիրառում ենք, բայց բանակցություններ 2012 թվականից չկան: Կան հանդիպումներ նախագահների, արտգործնախարարների միջև, բայց դրանք զուտ հանդիպումներ են: Այստեղ բացասական դերն Ադրբեջանինն է, որը փորձում է նույնացնել վերջնագրերը՝ բանակցությունների հետ: Ադրբեջանն ասում է, որ պատրաստ է խոսել, եթե այս կամ այն բանն անենք: Բանակցային պրոցես չի գնում: Նույնիսկ արտգործնախարարների վերջին հանդիպումը Համբուրգում բանակցություն չէր: Գերմանիան մեծ, լուրջ երկիր է, չէին ուզում շատ նեղացնել, գնացին հանդիպման»:
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ հայկական իշխանությունները Ղարաբաղի հարցի հետ կապված բեռը գրեթե ամբողջությամբ գցում են ժողովրդի վրա. «Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո ու վերջերս էլ պետության առաջին դեմքերը կրկնում են նույն միտքը՝ մեզ սպասվում են ծանր օրեր, դժվար է լինելու: 1988թ., երբ սկսվեց այդ շարժումը, բոլորս հասկանում էինք, որ շատ դժվար է պայքարը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար, պայքարը՝ պահպանելու անվտանգությունը, ինչո՞ւ են կրկնում նույն բանը: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, ու պատերազմը՝ ապացույց, որ պետականամետություն չկա: Պետականամետություն կա հասարակության մեջ, հենց դա է պատճառը, որ ոտքի կանգնեց ամբողջ հասարակությունը: Այս գործոնը պետք է պահպանել. Ադրբեջանի և Ռուսաստանի համար զսպիչ մեխանիզմը հենց դա է: Ռուսաստանն էլ հասկացավ, որ այնպես չէ, որ մեր իշխանությանը եթե մի բան ասի, դա կկատարվի»: