«Կավիճ, թույն, արհեստական դեղ, ինչ-որ մեկի ներքնահարկում պատրաստված դեղեր և նման այլ երևույթներ Հայաստանում չկան». Սամվել Զաքարյան

Դեղարտադրողների և ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանի խոսքով՝ Դեղերի մասին նոր օրենքը հիմնականում դրական է, քանի որ, ըստ նրա՝ այն ավելի արդիական է՝ ի տարբերություն հին օրենքի, և իր մեջ ընդգրկում է այն հիմնական դրույթները, որոնցով աշխատում են միջազգային ստանդարտներով ընդունված օրենքներն այլ երկրներում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, միևնույն ժամանակ, նա նշեց, որ ներմուծողների և դեղատնային ցանցերի մասով դեռ սպասելիքներ կան, քանի որ հիմնական հոդվածներում կան ընդհանուր դրույթները, և համարյա 50%-ում գրված է, որ դրանք հետագայում աշխատելու են՝ ըստ ընդունված կարգի:

«Այդ կարգերի վրա դեռ աշխատում են, թե ինչ պայմանականություններ կլինեն, ինչ պայմաններ կառաջարկեն, և այստեղ է, որ անհանգստություններ ունենք, որ դրանք ևս համապաստասխանեն այն բարձր որակին, որով գրված է օրենքը: Անհանգստությունն այն է, որ չգիտենք՝ ինչ կարգեր են լինելու և ինչ պայմաններ են գործելու՝ ի տարբերություն օրենքի, որը քննարկվել է, անալիզ է արվել»:

Դեղերի ներմուծման հետ կապված հիմնական կարգերը, ըստ նրա՝ բաց են մնացել:
Հարցին՝ այս օրենքը որքանո՞վ կկարողանա կարգավորել կեղծ դեղերի առկայությունը շուկայում, նա այսպես պատասխանեց.

«Հայաստանում չկան մեծաքանակ կեղծ դեղեր, կան ապօրինի ներմուծված դեղեր, որի մասին անընդհատ բարձրաձայնում ենք: Դա Վրաստանից եկող դեղերի հոսքն է, որը գնալով ավելի ահռելի չափերի է հասել: Կավիճ, թույն, արհեստական դեղ, ինչ-որ մեկի ներքնահարկում պատրաստված դեղեր և նման այլ երևույթներ Հայաստանում չկան: Հայաստանում չկան կեղծ դեղեր: Ապօրինին չի նշանակում՝ կեղծ, դրանք այն դեղերն են, որոնք չգրանցված են Հայաստանում»:

Անդրադառնալով օրենքի այն կետին, որով առանց դեղատոմսի դեղերի վաճառքն արգելվում է, նա ասաց, որ օրենքի այդ պահանջը նախկինում էլ է եղել, միշտ էլ արգելվել է դեղերը հատով վաճառել:

168.am-ի հարցին՝ համակարգը պատրա՞ստ է առանց դեղատոմսի դեղերի վաճառքն արգելելու պահանջին, քանի որ, օրինակ՝ եթե քրոնիկ հիվանդ է կամ ի վիճակի չէ գնել նշանակված ամբողջ քանակը միանգամից, դա ինչպե՞ս է լինելու, նա այսպես պատասխանեց.

«Հին օրենքով էլ չէր կարելի հատով վաճառել, փաթեթավորումը չի կարելի խախտել, չի կարելի տուփը բացել, մեկ հատիկ կտրել ու տալ սպառողին, դա բոլոր միջազգային ստանդարտներին դեմ է: Ելնելով սոցիալական պայմաններից՝ օրենքի այդ մասն անտեսվում էր: Չգիտես՝ ինչու, դեղագործական ընկերությունները բողոքում են, բայց դեղագործական ոլորտն այն ոլորտներից է, որ ինքը նախաձեռնությամբ պահանջում է, որ մոնիտորինգը, օրենսդրական դաշտը խիստ լինի: Ճիշտ դեղատոմս լրացնելը խնդիր է, մենք ժամանակին առաջարկել ենք ինքներս համարակալել դեղատոմսերը, և դրանց պատճենները ստանալով՝ մոնիտորինգ անել, թե ինչ դեղեր ու ինչպես են դուրս գրվում: Շատ դեպքերում ուղղորդվում է դեղատունը, որից դեղը պետք է առնվի, ինչն օրենքին հակասում է»:

Ինչ վերաբերում է նոր օրենքի այն կետին, որ դեղերի գները պետք է պետական կարգավորում ունենան, ըստ նրա՝ պետությունն ուղղակի սպառողի շահերից ելնելով՝ դրել է այդ առաստաղը, բայց շուկայի ընդհանուր կարգավորման, մասնավոր դեպքերի համար նմանատիպ կարգավորում անել չի կարող.

«Գնումների գործընթացը դեռ չի հանվել, մնալու է միջինացված գնաչափը, որը պետությունն առաջարկել է: Արտադրողների հետ բանակցությունների արդյունքում կկարգավորվեն գները»:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում դեղերը 20%-ով ավելի թանկ են, քան Վրաստանում, նա այսպես պատասխանեց.

«Հայաստանը 20% ԱԱՀ է վճարում՝ ի տարբերություն մեր հարևան երկրների: Երկրորդ պատճառն այն է, որ միջազգային կազմակերպությունների համար Հայաստանը հետաքրքիր չէ, որովհետև սպառողների քանակը քիչ է, նաև՝ գնողունակությունն է ցածր:

Երրորդն այն ռիսկերն են, որ Հայաստանը ներկայացնում է դեղարտադրողների համար. այսինքն՝ անընդհատ փոփոխվող, անհասկանալի օրենքները, այն տեղեկատվությունը, որ ինչ-որ կազմակերպության դեղի մասին կարող է պաշտոնական լրահոսով գնալ, թե այսինչ կազմակերպության արտադրանքը տուգանվել է, և այլն:

Շատ հաճախ սխալ տեղեկատվությունը կարող է պտտվել ամբողջ աշխարհով ու տվյալ կազմակերպությանը վնաս հասցնել, դրա համար նախընտրում են չմնալ փոքր շուկաներում, քան իրենց կազմակերպությանը վնասել: Օրինակ՝ «ԱստրաԶենեկա» ընկերությունը դրա համար հեռացավ Հայաստանից»:

Տեսանյութեր

Լրահոս