«Սխալվե՛ք сколько влезет». Ավետ Բարսեղյանի խորհուրդը ուսանողներին
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ե. Չարենցի անվան դահլիճում ուսանողներն օրեր առաջ հանդիպեցին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ: «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» շարքի երրորդ հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը: Այսքանով այս նյութի «պաշտոնական» մասն ավարտվում է և սկսվում Ա. Բարսեղյանի շատ անմիջական զրույցն ուսանողների հետ:
«Հաջողության բանաձևն անհատականության կոդը գտնելն է»
-Այս դահլիճում դեռ կլինեն բազում խելացի մարդիկ, ովքեր կկիսվեն Ձեզ հետ իրենց կյանքի փորձով: Կասեն. «Սա լավ է, սա՝ վատ, սա ճիշտ է, սա՝ սխալ, այսպես վարվեք՝ լավ կլինի, այլապես՝ վատ կլինի»… Ըստ իս՝ հաջողության հասնելու օրենքներ առհասարակ չկան, և սուտ է յուրաքանչյուր տեսակի բանաձև: Ամենակարևորը, որ մարդ պետք է գտնի՝ ձեռագիրն է, անհատականությունը: Լսե՛ք յուրաքանչյուրին, փորձեք ոգևորվել կամ տհաճություն ապրել ինչ-որ բաներից, բայց գտե՛ք Ձերը: «Ինչպես 7 օրում դառնալ հաջողակ» վերնագրերով անասուն գրականության դարաշրջան է: Չկա նման բան:
«Բոլորն ուզում են մտնել էս «յաշիկի» մեջ»
– Հաջողությունը շատ սուբյեկտիվ, շատ անհատական, իրականում շատ ստից բան է: Այն ավելի շատ պատասխանատվության հետ է կապված, քան ինչ-որ էյֆորիայի զգացողության: Շատերը ցնդում են վրա հասած հաջողությունից: Ուղեղը տրաքում է: Բոլորն ուզում են մտնել էս «յաշիկի» մեջ:
«Ավելի լավ է մարդ երկու գիրք քիչ կարդացած լինի, բայց սրտով, հոգով լինի»
– Երեք սուբստանցիաները՝ հոգի, միտք և սիրտ՝ շատ կարևոր են մարդու համար: Միտքը մեր գործողությունն է՝ գիտակցականը, սիրտը՝ խիղճն է՝ մարդու փոքրիկ Հիսուսը սրտում, իսկ հոգին այն է, ինչ միացնում է մարդուն տիեզերքի հետ: Եթե այդ 3 կարևորագույն բազաներում Դուք Ձեզ հանգիստ եք զգում, ուրեմն Դուք հաջողակ եք: Այնքան խելացի, կարդացած մարդ կա, բայց քանի որ իրենց խոսքի մեջ սիրտ և հոգի չկա, իրենց հետ անհնար է 5 րոպեից ավելի խոսել: Ավելի լավ է մարդ երկու գիրք քիչ կարդացած լինի, հանրագիտարան չլինի, բայց սրտով, հոգով լինի: Կա նաև հակառակը՝ շատ մեծ սիրտ ունի, բայց դոդ ա: Այդպես էլ չի կարելի:
«Քիմ Քարդաշյանն ու իրա տուտուզիկը»
– Քննարկման և հետաքրքրության թիվ մեկ թեման է այսօր Քիմ Քարդաշյանն ու իրա տուտուզիկը: Այս իրականության մեջ գտեք Ձեր հետաքրքրության իրական աղբյուրը: Մի եղեք խելացի ուրիշների համար, այլ եղեք խելացի սեփական ներդաշնակության համար: Որևէ մեկին ապացուցելու համար պետք չէ դառնալ խելոք կամ հաջողակ: Գրագիտությունը դա երկու գիրք ավելի կարդալը չէ, այն ներքին կատեգորիա է:
«Հական՝ ամենաթույլերի տեղն է»
– «Հաջողակ դառնալու օրենքներ չկան». ահա այն նախադասությունը, որի համար ես եկել եմ Ձեզ մոտ: Աստված բոլորին է շնորհք տվել, պարզապես կա մարդ, ով չի ուզում օգտվել այդ շնորհքից: Հաջողության հասնելու զենքը Ձեր ձեռքերում է: Սակայն այդ զենքը կդնեք Ձեր ճակատին և ինքնասպա՞ն կլինեք, թե՞ կօգտագործեք այն՝ հանուն նպատակների, արդեն Ձեզանից է կախված:
Շատ կարևոր է ապրելու ձևը՝ հանո՞ւն, թե՞ հակա: Կարելի է ապրել հակա իշխանության, հակա վարչապետի, բայց կարելի է ապրել նաև հանուն լավ ապագայի, հանուն ընտանիքի բարեկեցության… Հակա-ն՝ ամենաթույլերի տեղն է: Շատ հեշտ է ապրել հակա: Հանունը շատ ավելի դժվար ճանապարհ է:
«Սխալվեք՝ сколько влезет»
– Ամենակարևոր բաները մարդու համար սխալներն են: Սխալվե՛ք, սխալվե՛ք сколько влезет. Սխալվեք, բայց դարձրեք այդ սխալը Ձեր ուղիղ և ճիշտ ճանապարհին շատ կարևոր փաստ: Հիշե՛ք այն: Չսխալված մարդիկ, որ յուղած ճանապարհով գնում են, նրանց մոտ էլ մի բան այն չէ:
«Այնքան են ցիտում, որ ուղեղը ցիստիտ ա կպնում»
– Սեփական խոսքն է կարևոր: Կան մարդիկ, որ աֆորիզմներով են խոսում: Անընդհատ ինչ-որ մեկին ցիտում են: Ցիտող մարդուց վտանգավոր մարդ դեռ չեմ հանդիպել իմ կյանքում: Մի բան կարդում՝ ցիտում են: Այնքան են ցիտում, որ «ուղեղը ցիստիտ ա կպնում»: Պետք է սեփական գիրը հորինել: Ամեն մեկը պետք է իր Մաշտոցը լինի: Չեմ ասում՝ գյուտ արեք, բայց ունեցեք ձեռագիր:
«Նազենին կարող է ֆիզիկ-յադերշչիկին էլ խորհուրդներ տալ»
Ավետ Բարսեղյանին հարցեր ուղղելիս՝ ուսանողները շարունակ հստակ խորհուրդներ էին ուզում լսել՝ խոսքի միջոցով հաջողության հասնելու վերաբերյալ, սակայն նա ամեն անգամ նշում էր, որ չի սիրում խորհուրդներ տալ: Ի վերջո, այն ամենը, ինչի մասին նա խոսում էր ողջ հանդիպման ընթացքում, իրականում կարևոր բանալիներ էին հաջողության հասնելու համար: Ուսանողուհիներից մեկն առարկեց՝ նշելով, որ նախորդ հանդիպման ժամանակ (Նազենի Հովհաննիսյանի հետ), նրանք Նազենիից ստացել էին ստույգ խորհուրդներ խոսքի ուժի շնորհիվ հաջողության հասնելու վերաբերյալ: Ի պատասխան՝ Ավետը կատակեց. «Դե, Նազը կարող է ֆիզիկ-յադերշչիկին էլ խորհուրդներ տալ»: Այնուհետև հնչեցին հարցերը:
Ո՞րն էր Ձեր կյանքի այն իրադարձությունը, ինչը Ձեզ առաջ մղեց:
– Նեղությունն է միշտ առաջ մղում՝ հոգու, ֆինանսի… Ես մեծացել եմ մեկ սենյականոց «խրյուշչովկայում»: Անհամակերպվածությունն ու հեղափոխական լինելն այն է, երբ դու չես սահմանափակվում միայն նրանով, ինչ քեզ կյանքը տվել է: Երբ փորձում ես այդ շրջանակը ճոռթել և դուրս գալ պարտադրված սահմաններից՝ դա շատ կարևոր անհամաձայնություն է իրականության հետ: Ես միշտ եղել եմ մեծամիտ: Ես կարծել եմ, որ չպետք է մեռնեմ այդ մի սենյականոց բնակարանում: Ես պետք է աշխատեմ այնքան, քթիցս արյուն բերելով, որ ինչ-որ մի բան փոխվի իմ կյանքում: Այդ անհամաձայնությունն է առաջ մղել, խթան եղել: Այո, կան համակերպված հոգիներ: Դա էլ նրանց ընտրությունն է:
Համաձայնե՛ք, որ անհամակերպվող լինելուց բացի՝ շատ կարևոր է հաջողակ լինելը:
– Պարզապես մեր ինֆորմացիոն դաշտն ապականել է հաջողակ լինելու մասին պատկերացումները: Հիմա աղջիկներից շատերը կարծում են, որ, եթե իրենք էլ ունեն Քիմ Քարդաշյանի տուտուզիկից, կամ երկու հոգի իրենցից ստորագրություն է վերցնում, ուրեմն հաջողակ են: Ուղեղի լվացում է գնում:
Ի՞նչ կփոխեք Ձեր կյանքում:
– Ոչինչ: Ինձ էնքան ա «դզում» էն ինչ-որ ես կամ՝ իմ շատ սխալներով հանդերձ: Ինձ իմ կյանքն է դարձրել այնպիսին, ինչպիսին կամ: Պարզապես կանեի քայլեր, որոնք քիչ եմ արել: Օրինակ, հորս ավելի շատ կգրկեի, կհամբուրեի, եղբորս մահից առաջ կասեի նրան շատ կարևոր բաներ… Այն, ինչ հոգեբանորեն տրավմա է հասցրել ինձ՝ կփոխեի: Շատ կլինեի իմ հարազատների կյանքում…
Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը:
– Եթե քննադատողը խելացի մարդ է, հասկանում է, թե ինչից է խոսում, և նրա կարծիքն ինձ համար կառուցողական է, ապա՝ շատ դրական: Բայց եթե ուղղակի գրում են, որ վիրավորեն, վաղուց արդեն չի ազդում: Առաջ շատ ցավոտ էի տանում: Ամեն մի բառն ինձ սատկացնում էր: Այդ տարիքում ուզում էի բոլորի համար լավը լինել, քաղցր լինել, որ բոլորը սիրեն ինձ: Հետո հասկացա, որ ընտրել եմ մի ոլորտ, որտեղ ես հանրության ափի մեջ եմ, և նորմալ է, որ իմ մասին պետք է «ամենատավարի ցավ» բաները գրեն՝ մինչև անգամ, որ արվամոլ եմ: Ի վերջո, տարիքի հետ իմունիտետ եմ ձեռք բերել: Անառողջ քննադատությանն արդեն ժամանակ չեմ տրամադրում: Լուրջ մարդը կկանգնի դիմացս և իր շատ վատ կարծիքը կհայտնի՝ աչքերիս մեջ նայելով, այլ ոչ թե՝ մի հիմար գրառում կգրի և կանհետանա:
Չե՞ք կարծում, որ, եթե ճակատագրով հաջողություն չպետք է լինի մարդու կյանքում, ապա ոչինչ չես փոխի:
– Իսկ ինչո՞ւ եք որոշել, որ ճակատագրի անելիքը բացասականը Ձեր կյանք բերելն է: Ինչո՞ւ, երբ լավ բան է կատարվում մեր կյանքում՝ չենք ասում, որ ճակատագիր է: Եվ որպես մարդ՝ ով՝ դեբիլի պես, միայն 36 տարեկանում գտավ իր երջանկությունը, ասում եմ Ձեզ՝ երջանիկ եղեք ներսում՝ հոգով ներդաշնակ:
Այս իրականության մեջ հնարավո՞ր է միայն հոգով երջանիկ լինել: Այս հիվանդ հասարակության մեջ՝ հնարավոր չէ:
– Այս իրականությունն ամենալավն է, որ կարող էր լինել: Եվ եթե Ձեր հարևանը «տավարի ցավ» ա, դա Ձեր իրականությունը չէ, այլ՝ նրա: Դուք լավ սերունդ, եք և սա լավ իրականություն է: Ուրիշի վզին Ձեր խնդիրները մի գցեք:
Մենք ևս Ավետին հարց ուղղեցիք:
Վերջերս հանդիպել ենք մի անտուն պապիկի, ով ինքն իրեն խոսում է՝ արվեստից, գրականությունից, տիեզերքից… Սակայն նա ցնորված է և ապրում է մի կտոր խոնավ տախտակի վրա: Դա է նրա հարստությունը, այլ ոչ այն գիտելիքը, որ սովորաբար նշում ենք, թե հարստություն է: Ինչպե՞ս կարելի է փոխել հասարակության մեջ տարածում գտած տեսակետը, որ իմաստ չունի կիրթ և գրագետ երեխա մեծացնելը, քանի որ շատերի համար դա ապագա աղքատ լինելու ճանապարհն է:
– Ընդունում եմ, որ շատ խելացի մարդիկ կան, որոնք ըստ արժանվույն չեն գնահատվել: Կրթությունը, գրագիտությունը դա զենք է, որը, եթե չես օգտագործում քեզ վրա հարձակվող իրականության դեմ, պարտվում ես: Տվյալ մարդը մտել է այդ գիտելիքի մեջ և սահմանափակվել դրանով: Երբ հոգիդ գնում է այլ դաշտ՝ հարստանում է, պետք է նաև ետդարձի ճանապարհը հիշի: Անհնար է՝ մարդ ունենա ռեալ գիտելիքներ և գոնե իր ապրուստի մինիմումը չկարողանա ապահովել: