2017 թվականին Հայաստանում հանրահայտ ճարտարապետներ կհյուրընկալվեն
Փորձի փոխանակման շրջանակում հնարավոր է, որ հաջորդ տարի Հայաստանում հյուրընկալվի շվեյցարացի աշխարհահռչակ ճարտարապետ Մարիո Բոթան: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական Արմեն Մինասյանը դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի առաջիկա և տարվա ընթացքում կատարած աշխատանքները, համագործակցությունը տարբեր երկրների հետ: «Շվեյցարացի ճարտարապետի այցելությունը հետաքրքրաշարժ կլինի ոչ միայն հայ, այլև հարևան երկրների ճարտարապետների համար: Նա վարպետության դասերով հանդես կգա բուհերի ուսանողների համար»,- նշեց Արմեն Մինասյանը:
Ամփոփելով տարին՝ խորհրդականն ասաց, որ փետրվարի 7-ին թանգարանում իրականացվել է «Նոր ջուղա» խորագրով ցուցահանդես: Այն հայկական պատմական թաղամաս է Իրանի հին մայրաքաղաքում: Ներկայացվել են հայ եկեղեցիների լուսանկարները, անցկացվել երկու դասախոսություն հայկական պատմական տներ, խոջայական ապարանքներ թեմաներով:
Խորհրդականն ընդգծեց, որ կոմիտեն միջազգային ուղղությամբ որդեգրել է հետևյալ ռազմավարությունը` օգտագործել ճարտարապետությանը վերաբերող հնարավոր միջոցները փորձի փոխանակում իրականացնելու և հայ ճարտարապետությունը տարածելու համար:
Տարվա ընթացքում հանդիպում է եղել նաև Ճապոնիայի դեսպանի հետ: Երկու կողմերը խոսել են կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության մասին: Հանդիպման միտումը քաղաքաշինության բնագավառում Հայաստան-Ճապոնիա համագործակցության շրջանակը հստակեցնելն էր տարբեր ուղղություններով` սեյսմակայուն շինարարություն, նոր տեխնոլոգիաներ և շինանյութեր, շենքերի ջերմամեկուսացման արդյունավետ համակարգեր, խելացի և կանաչ քաղաքներ:
«Թամանյանի թանգարանը փոխգործակցության հուշագիր է ստորագրել Իրանի ճարտարապետների միության հետ: Արդյունքում հույս ունենք, որ Հայաստանում տեղի կունենա իրանահայ հայտնի ճարտարապետներ Վարդան Հովհաննիսյանի և Փոլ Աբգարի գրքերի շնորհանդեսները»,-շեշտեց Արմեն Մինասյանը:
Մինասյանն ընդգծեց, որ հաջորդ տարի ցանկանում են կյանքի կոչել «Ճարտարապետությունը մանուկների համար» ծրագիրը, որի շրջանակում երեխաները մասնագետների հետ ծանոթանում են ճարտարապետությանը, կրթվում և հետագայում ճիշտ պահանջներ ներկայացնում ճարտարապետներին»,-ասաց նա: