«Դեղերի հատով վաճառքի սահմանափակում չկա». փոխնախարար

Դեկտեմբերի 15-ից արդեն ուժի մեջ է մտել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ նոր օրենքում տեղ գտած ցանկացած դրույթ հիմնված է դեղերի որակի, անվտանգության և արդյունավետության սկզբունքների վրա։ «Սրան գումարում ենք նաև կարգավորումների միջոցով դեղերի մատչելիության ապահովման պետության պարտավորվածությունը։ Մատչելիություն ասելով՝ հասկանում ենք ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ ֆինանսական մատչելիություն»,- ասաց նախարարի տեղակալը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ հստակ սահմանվել են 10 չափորոշիչները, որոնցով դեղը դասվում է դեղատոմսով դուրս գրվող դեղերի շարքին։ Ըստ նրա՝ այս ճանապարհով լուծվում են մի շարք խնդիրներ, որոնք առկա են համակարգում, այդ թվում՝ հիվանդների ուղղորդումը դեղատներ, առանձին ընկերությունների դեղեր։ «Մարդը չի կարող գնալ դեղատուն, դեղատան վաճառողին պարզապես հարցնել, թե ինչ դեղ օգտագործի իր հիվանդության բուժման համար։ Դա ինքնաբուժում է։ Այն շատ ծանր հետևանքներ է ունենում առաջին հերթին՝ մարդու համար, որովհետև սխալ ինքնաբուժման պատճառով հիվանդությունները խորանում են, դառնում ավելի մեծ բեռ և՛ իր, և՛ իր ընտանիքի, և՛ հասարակության համար։ Հետագայում դա բեռ է դառնում նաև պետության համար, երբ ինքնաբուժմամբ զբաղվող մարդուն հիվանդանոցային պայմաններում բուժելու համար ավելի շատ գումար եք ծախսում»,- ասաց նա։

Ըստ նրա՝ դեղատոմսի ձևը հաստատվելու է առողջապահության նախարարի հրամանով։ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ պաշտոնական կայքում հրապարակվել են դեղատոմսով և առանց դրա դուրսգրվող դեղերի ցանկը։ Նա նշեց, որ չկա որևէ սահմանափակում՝ դեղերի հատիկով վաճառքի հետ կապված։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, հետամուտ են լինում, որ հատիկով դեղերը տրվեն սահմանված կարգին համապատասխան՝ ելնելով դրա անվտանգությունից. ցանկացած դեղի ամբողջականությունը խախտելուց հետո դեղի պիտանելիությունը չի կարող ավելի լինել, քան վեց ամիսը։

Հայաստանում, ըստ նրա, գրանցված է մոտ 4500 դեղ, կոպիտ հաշվարկով՝ մոտ 50 տոկոսը դուրս է գրվում դեղատոմսով։ Նախարարի տեղակալը նշեց նաև, որ «Դեղերի մասին» օրենքը չի պարունակում գոնե մի կետ, որը կարող է հանգեցնել դեղերի գների բարձրացման։

Տեսանյութեր

Լրահոս