«Հայաստան ներկրվող և այստեղ արտադրվող խաղալիքները 2017 թվականից պետք է համապատասխանեն ԵՏՄ տեխնիկական կանոնակարգին». Լևոն Խալիկյան

Այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ հերթական իրազեկում-հանդիպումը, այս անգամ՝ խաղալիք ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողների հետ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն ասաց, որ հաջորդ տարվանից իրականացվելու են ստուգումներ խաղալիքների ոլորտում, և դրանք պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնագրի պահանջներին.

«Սա բավականին ռիսկային ոլորտ է, որն առնչվում է երեխանրի կյանքին ու առողջությանը, այդ իսկ պատճառով՝ տեսչական մարմնի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որը ցույց է տվել՝ տվյալ ոլորտում առկա են բավականին խախտումներ: Խաղալիքները պարտադիր պետք է ունենան սերտիֆիկատ, որը վկայում է նրա մասին, որ բոլոր խաղալիքները համապատասխանում են չափանիշներին և վտանգ չեն ներկայացնում երեխաների կյանքի ու առողջության համար: Օրինակ՝ պետք է լինի հայերեն մակնշում, ընթեռնելի նշված լինի, թե որ կազմակերպության արտադրանքն է, խաղալիքը չպետք է արտադրված լինի երկրորդական նյութից, չպետք է ունենա 20 վոլտից բարձր հոսանք, չպետք է ունենա սուր անկյուններ, չպետք է պատրաստված լինի այնպիսի ներկանյութերից, որոնք երեխաների մոտ կարող են առաջացնել ալերգիկ, շնչառական խնդիրներ»:

Խալիկյանի խոսքով՝ այսօր շուկայում հայերեն մակնշման խնդիրը կա, ու տնտեսվարողների մեծ մասի մոտ բացակայում է հայերեն մակնշումը: «Սերտիֆիկատը փաստաթուղթ է, որը վկայում է, որ խաղալիքների տվյալ խմբաքանակն անցել է համապատասխան լաբորատոր փորձաքննություն, որի հիման վրա տրվել է սերտիֆիկատ: Հայերեն մակնշումն էլ նրա համար է, որպեսզի գնորդը հստակ տեսնի՝ որ կազմակերպությունն է ներմուծել, որ տարիքային խմբի համար, ում է հակացուցված այդ խաղալիքը, և այլն: Հիմա կամ բացակայում են այդ մակնշումները, կամ սխալ են, օրինակ՝ նապաստակի վրա գրված է՝ արջուկ»:

Կարդացեք նաև

«Տուն տունիկ» ՍՊԸ փոխտնօրեն Յուրի Թադևոսյանը նկատեց՝ եթե գնորդը դրանից չի նեղվում, խնդիրը ո՞րն է, այս վերջին մեկ տարվա ընթացքում որևէ բողոք ստացե՞լ եք. «Ես խաղալիք եմ ներմուծել, որը վագրի տեսքով է եղել, բայց սեղմել ենք՝ հաչել է: Գնորդը հաճույքով առել է, ասել է՝ օրիգինալ է, ու չի նեղվել դրանից»:

Լ. Խալիկյանը նրան այսպես պատասխանեց. «Շատ կրեատիվ բան եք ասում, բայց տեսչական մարմնում եղել են դեպքեր, երբ խաղալիքը գնել ենք՝ որպես փորձանմուշ, ու լաբորատոր փորձարկման ընթացքում մի քանի կետով հակացուցված է եղել երեխաների համար: Դեպքերը շատ են, ու օրենքի պահանջն է, որ համապատասխան մակնշումը ճիշտ լինի: Հիմա, եթե դուք վագր եք ներմուծում, որը հաչում է, կարող է այդպիսի խաղալիք է, բայց պետք է հստակ նշված լինի՝ որտեղ է արտադրված, ինչ հումքից, որ տարիքային խմբերի համար, և այլն»:

Տնտեսվարողները նշեցին, որ ճիշտ կլինի՝ եթե սահմանային անցակետում անցկացվեն նմանատիպ ստուգումներ, այլ ոչ թե ներկրելուց հետո, սակայն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության աշխատակից Գայանե Մարգարյանը նշեց, որ այդ ժամանակ բողոքներն ավելի շատ էին: Նրա խոսքով՝ տնտեսվարողների համար ավելի հեշտ է ներմուծելուց հետո փորձաքննություն անցկացնել, քան երկար ժամանակ մնալ սահմանում ու լաբորատոր փորձաքննություն անցկացնել խմբաքանակը:

Լ. Խալիկյանն էլ նկատեց՝ եթե ձեր ապրանքը բերում եք, ու չի համապատասխանում մեր չափանիշներին, այդ ապրանքը չե՞ք կարողանում վերադարձնել: Տնտեսվարողներն ասացին, որ սահմանից կարող են, իսկ Հայաստանից վերադարձնելու համար ծախսեր են պահանջվում: Տնտեսվարողներին խորհուրդ տվեցին ամեն խմբաքանակից մեկ խաղալիք բերել Հայաստան՝ փորձաքննության, հետո նոր ամբողջ խմբաքանակը ներկրել:

Գայանե Մարգարյանի խոսքով՝ եթե խաղալիքները ներմուծվում են ոչ թե ԵՏՄ երկրներից, այլ երրորդ երկրից, ապա պահանջը հետևյալն է. «Պարտադիր անցնում է գնահատում, պետք է իրականացվի փորձարկում, տրվի փաստաթուղթ: Ավելի ճիշտ է՝ նմուշները անցնեն փորձարկում, տրվի սերտիֆիկատ, ու խմբաքանակը գա համապատասխան փաստաթղթո՞վ, թե՞ ավելի լավ է խմբաքանակը ներմուծել, պարզվի, որ չի համապատասխանում տեխկանոնագրին, ու հետ ուղարկել: Ապրանքն առևտրային պայմանագրի հիման վրա է ներմուծվում: Բոլոր մեր հարևան երկրները ԵՏՄ գնահատման համակարգին ծանոթ են, բոլոր ֆիրմաները պատրաստ են ԵՄՏ տեխնիկական կանոնակարգի պահանջներով արտադրել:

Այսինքն՝ ընդամենը մնում է գնահատման ընթացակարգը, իսկ գնահատումը երրորդ երկրից սահմանի՞ն է, թե՞ ներսում, կարևոր չէ: Սահմանին շատ խնդիրներ կային, ներմուծողները նշում էին, որ ամեն ինչի համար վճարում են, դրա համար խնդրել էին, որ ներմուծումը կատարվի ու շուկայահանվի արդեն սերտիֆիկատով: Դրա համար պետությունն ընդառաջ է գնացել ներմուծողներին: Եթե դուք երրորդ երկրից ներմուծում եք, միևնույն է՝ պետք է ռեեստրում գրանցված մարմին տա այդ համապատասխանության սերտիֆիկատը: Դուք պետք է նմուշառումը տանեք գրանցված մարմին, նոր կարողանաք խմբաքանակը ներմուծել: Այնտեղի գնահատող մարմինը չի կարող ռեեստրում գրանցված լինել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս