Իրարանցում ԱԺ-ում. պատգամավորներից մեկը քվեարկեց բացակա պատգամավորի փոխարեն
Քիչ առաջ Ազգային ժողովի արտահերթ նիստում իրարանցում տեղի ունեցավ։ Ընդդիմադիր պատգամավորները պնդում էին, որ պատգամավորներից մեկը բացակայող պատգամավորի փոխարեն քվեարկել է։
«Դուք գիտեք, որ «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացրեց մի օրենքի նախագիծ, որով պետք է մենք ճանաչեինք կարգազանց այն պատգամավորներին, ովքեր ուրիշի փոխարեն քվեարկում են։ Հիմա մենք այս պահին ունենք հիմնավորում, որ այս կողմում նստած մի պատգամավոր բացակա պատգամավորի տեղը քվեարկել է։ Խնդրում ենք ցույց տալ, թե ինչպես է նա քվեարկել, ինչպես է տեղի ունեցել քվեարկությունը, որպեսզի մենք գոնե այս գումարման Ազգային ժողովում ունենանք կարգազանց ճանաչված պատգամավոր, որ ապագայում նման դեպք չունենանք»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խնդրեց «այդքան կարգազանցների մասին չխոսել». «Որովհետև կարգազանցությունը բոլորիդ մոտ է և ոչ միայն քվեարկությունը, առավել ևս, եթե այնտեղ ինչ-որ մեկը քվեարել է մյուսի փոխարեն, ասեք՝ ով է քվեարկել, դրանց որպես կարգազանց էթիկայի հանձնաժողովում լսել տանք։ Ես նայել եմ, տեսել եմ, որ, իրոք, տեղում մարդ չկա, ու քվեարկությունը հանել ենք, հիմա դուք ասում եք՝ ով է քվեարկել, նրան էթիկայի հանձնաժողովի կտանք»։