«Հաջողակ ընկերություններն իրենց շրջանառության 4%-ը ներդնում են իրենց աշխատակիցների վերապատրաստման գործում». Ֆրիդրիխ Գլազլ
Կազմակերպությունների զարգացման և կոնֆլիկտների կառավարման միջազգային մասնագետ Ֆրիդրիխ Գլազլի կարծիքով՝ ամբողջ աշխարհում փոփոխություններ են տեղի ունենում, և դա պետք է ազդի նաև բոլոր կազմակերպությունների վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ շատ կազմակերպություններ ավանդապահ են ու որոշում են մնալ այն ուղղության վրա, որտեղից սկսել են իրենց գործունեությունը: «Մեր ժամանակներում, երբ ամբողջ աշխարհում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում, դրանք պարտադրում են նաև տարբեր կազմակերպություններին՝ համապատասխանել այդ փոփոխություններին:
Կարևոր է նաև քաջատեղյակ լինել, թե ինչ կերպ կարելի է նմանատիպ փոփոխություններ իրականացնել: Եվրոպայում էլ բազմաթիվ օրինակներ կան, երբ փոփոխություններ փորձում են կատարել ոչ ճիշտ մեթոդներով: Մեթոդը շատ կարևոր է: Սխալ փոփոխություն է այն, երբ կազմակերպության ղեկավարը փորձում է արտաքինից ուժային կամ իշխանական ճանապարհով պարտադրել իր կազմակերպությանը որևէ փոփոխություն. որպես կանոն՝ դա չի աշխատում»:
Հայաստանյան կազմակերպությունների վիճակի մասին խոսեց կառավարման և զարգացման խորհրդատու, «Պենտա» զարգացման և խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Սարգսյանը: Նա նշեց, որ իրենց կազմակերպությունը փոխում է աշխատակիցների մոտիվացիոն սխեմաները, գործածում են Գազլի նշած մոդելները: «Հայաստանում մենք աշխատում ենք հիմնականում մասնավոր, հասարակական, միջազգային կազմակերպությունների հետ: Մասնավոր ընկերությունների վրա արդյունքը երևում է եկամտի աճի տեսքով:
Հիմնական շեշտը դնում ենք աշխատակիցների տևական մոտիվացիայի բարձրացման վրա, որը հիմնված է ոչ թե կետային մտածելակերպի (ինչ ունենք, դա էլ ունենք) վրա, այլ ընդհակառակը՝ զարգացման միտում, փոփոխություններ, ճգնաժամեր, որոնք պետք է հաղթահարել»,- ասաց նա:
Ըստ վերջինիս՝ մարդկային ռեսուրսների կառավարումը Հայաստանում այդքան էլ բարվոք վիճակում չէ՝ ընկալման տեսանկյունից. «Այսինքն՝ մենք ունենք HR-ներ, սակայն նրանց մի մասը դեռևս կադրերի բաժնի կարգավիճակով է շարունակում աշխատել, մի մասին հնարավորություն է ընձեռվել առաջ գնալ գործընթացներում, իսկ շատ փոքր հատվածն է, որ կարողանում է աշխարհում ընդունված HR գործառույթն իրականացնել: Այսինքն՝ հավասար լինել սեփականատիրոջ գործառույթին»:
Իսկ Գլազլի խոսքով՝ աշխատակիցների կրթությունը պետք է լինի թիրախային, և ըստ նրա՝ մարդկային ռեսուրների կառավարման խնդիրն էլ շատ էական է, որովհետև մարդիկ են ապահովում ձեռնարկության և՛ հաջողությունը, և՛ անհաջողությունը: «Արևմտյան երկրների փորձը ցույց է տալիս, որ հաջողակ ընկերություններն իրենց շրջանառության 4%-ը, որը լուրջ թիվ է, ներդնում են իրենց աշխատակիցների վերապատրաստման գործում»,- եզրափակեց նա: