«Եթե չկա որևէ առաջընթաց, խաղաղապահ ուժերի դերն էլ դառնում է ոչ էական». Արայիկ Հարությունյան

Չնայած վարչակազմի փոփոխությանը, Լեռնային Ղարաբաղում վստահում են Միացյալ Նահանգներում ձեւավորված ժողովրդավարության ավանդույթներին, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը.

«Մենք համոզված ենք, որ ամերիկյան ձեւավորված ավանդույթները հուշում են, որ ազգերի ինքնորոշումը կամ ժողովրդավարությունը ավելի են գերադասվում եւ ընդհանուր առմամբ, խաղաղությունն ավելի է գերադասվում»:

Հարությունյանը, ով վերջերս ելույթ ունեցավ Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի կողմից կազմակերպված միջոցառմանը, ընդգծում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Միացյալ Նահանգները միշտ փորձել է հանդես գալ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքներից ելնելով.

«Մեր սպասելիքն այն է, որ շարունակեն այն, ինչ նրանք ունեցել են վերջին 20 տարիների ընթացքում՝ առանց կտրուկ արմատական փոփոխության»:

Մեկնաբանելով ղարաբաղյան կողմի մոտեցումները՝ Քոլորադոյի համալսարանի վերլուծաբան Ջոն Օլոգլինը հիշեցնում է, որ դրանց անհրաժեշտ է մոտենալ ամենայն լրջությամբ՝ տեւական խաղաղության հասնելու համար.

«Այնտեղ ապրող մարդիկ ունեն ձեւավորված մոտեցումներ եւ դրանց անտեսումը շատ մեծ սխալ կլինի»:

Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի փորձագետ Ջերարդ Թոլի կարծիքով, ղարաբաղյան խնդրի կարգավորումը կարող է քննարկվել ավելի լայն համատեքստում.

«Անհրաժեշտ է Եվրոպական անվտանգության ճարտարապետության համապարփակ քննարկում։ Եվ մի շարք հակամարտություններ Եվրոպայում՝ Ղրիմը, Մերձդնեստրը, Վրաստանի տարածքի խնդիրները եւ Լեռնային Ղարաբաղը, կարող են իսկապես կարգավորվել»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը մեղադրում է հայկական կողմին ոչ կառուցողական դիրքորոշման եւ իրական փոխզիջման բացակայության մեջ, եւ նշում, որ ղարաբաղյան գոտում բախումները հայկական կողմի դիրքորոշման հետեւանքն են: Արայիկ Հարությունյանն այս կապակցությամբ նշում է, որ առաջիկայում լուրջ առաջընթաց բանակցություններից Ղարաբաղում չեն ակնկալում: Ուստի, չեն տեսնում նաեւ խաղաղարար ուժերի տեղակայման կարիք.

«Քանի որ չկա բանակցություններ, նաեւ այդ գործոնն է բացառվում: Եթե չկա որեւէ առաջընթաց, խաղաղապահ ուժերի դերն էլ դառնում է ոչ էական»:

Նախորդ շաբաթ Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները կոչ էին արել ղարաբաղյան հակամարտության կողմերի ղեկավարներին «ճկունություն ցուցաբերել և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»:

Տեսանյութեր

Լրահոս