«Այսօր հայտարարվող դաշինքը տարբերվում է նախորդներից». Արամ Սարգսյան

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները քիչ առաջ ստորագրեցին հուշագիր, որի համաձայն՝ 3 քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու միասնաբար, այսինքն` դաշինքով:

««Հանրապետություն» կուսակցության անունից շնորհավորում և ողջունում եմ մեր համագործակցությունը և ձևավորվող դաշինքը»,- այսօր «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։

Նա նշեց, որ սա իրենց կուսակցության 15-ամյա գործունեության 3-րդ դաշինքն է.

«Առաջինն «Արդարությունն» էր, որը հոկտեմբերի 27-ից հետո հանրային ցանկությամբ և պահանջով ձևավորվեց  և դատապարտված էր կրկնօրինակել Կարեն Դեմիրճյանի  և Վազգես Սարգսյանի դաշինքին։ Կարճ ժամանակում պարզ դարձավ, որ կրկնօրինակը չի կարող կրկնություն լինել։ Երկրորդը՝ «Հայ ազգային կոնգրեսն» էր, որտեղ մենք ունեինք և՛ աշխարհաքաղաքական, և՛ ներքաղաքական գործունեության,  և՛ մարտավարական հարցերին վերաբերող տարբերություններ։ ՀԱԿ-ում գիտեին, որ «Հանրապետությունն» ընտրություններից հետո դուրս է գալու դաշինքից  իր բոլոր հնարավորություններից։

Մենք պարտավոր էինք ու դատապարտված էինք ընտրություններին լինել ՀԱԿ դաշինքում, որովեհտև պատասխանատվություն ու բարոյական պարտք ունեինք Մարտի 1-ին և դրան հաջորդած ժամանակահատվածում  պայքարող ու մեզ հետ հույսեր կապող հանրության և պայքարի մեջ զոհված մեր ընկերների հանդեպ»։

Ա. Սարգսյանը նշեց, որ այսօր հայտարարվող դաշինքը տարբերվում է  նախորդներից, քանի որ, նրա խոսքով, առաջին հերթին՝ եռյակը ձևավորվել է գաղափարական հենքի վրա՝ ի սկզբանե քննարկելով և ընդհանուր հայտարարի բերելով թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ մարտավարական, թե՛ ռազմավարական ու ապագային միտված բոլոր հարցերը։

«Այս ընտրությունները ներառում են ոչ միայն խորհրդարանի, այլև երկրի առաջին դեմքի ու իշխանության ձևավորումը, հետևաբար՝ մենք հուսով ենք, որ մեր ճշգրիտ աշխատանքի շնորհիվ՝ կարող ենք ունենալ հանրային այնպիսի աջակցություն և մասնակցություն, որը հնարավորություն կտա մեզ հոկտեմբերի 27-ին դավադրաբար և դավաճանաբար գնդակահարված «Միասնություն» դաշինքի, 2003-ի նախագահական ընտրությունների և 2004-ի ապրիլի 12-ին աննախադեպ մասնակցություն ապահովված և «Արդարություն» դաշինքին  աջակցած, 2008-ով ոգևորված ու Մարտի 1-ով կոփված հանրության երազանքները, ցանկությունները և նպատակներն իրականություն դարձնել՝ փակելով այդպես էլ  21-րդ դար չմտած  գործող իշխանության ամոթալի էջը։ Մեր մղումներն անկեղծ են, նպատակները՝ բարի և անշահախնդիր»,- նշեց Ա. Սարգսյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս