Բաժիններ՝

Արհամարհված ներքին պարտքը

ՀՀ պետական պարտքի մասին խոսելիս շատերը ուշադրությունը կենտրոնացնում են միայն արտաքին պարտքի վրա՝ մոռանալով ներքին պարտքի մասին։

Դա ինչ-որ առումով հասկանալի է։ Նախ, արտաքին պարտքը մեծ է. ՀՀ պետական պարտքը 2016 թվականի նոյեմբերի վերջին կազմել է 2 տրիլիոն 686.8 մլրդ դրամ կամ 5 մլրդ 596.3 մլն դոլար, որի 80%-ից ավելին (մոտ 4.5 մլրդ դոլար) արտաքին պարտքն է։ Բացի այդ, ներքին պարտքը հոգեբանորեն ավելի թեթև է ընկալվում, այն իմաստով, որ մենք ինքներս մեզ ենք պարտք, և այդ առումով արտաքին աշխարհից կախման մեջ չենք։

Ի՞նչ է ներքին պարտքը.դա տարբեր ժամկետայնության պետական գանձապետական պարտատոմսերն են։

Հիմա եկեք տեսնենք, թե 2016 թվականի ընթացքում որքանով է աճել ներքին պարտքը։

Կարդացեք նաև

Տարվա սկզբին` 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ ներքին պարտքը կազմել է 368.4 մլրդ դրամ, իսկ նոյեմբերի 30-ին՝ 528.8 մլրդ դրամ։ Այսինքն ՀՀ ներքին պարտքը 2016 թվականի 11 ամիսների ընթացքում ավելացել է 160.4 մլրդ դրամով կամ 43.5%-ով։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում արտաքին պարտքը աճել է 70.1 մլրդ դրամով կամ 3.3%-ով։

Այսինքն, Հայաստանի պետական պարտքն աճել է հիմնականում ներքին պարտքի հաշվին, մինչդեռ մենք միշտ արտաքին պարտքն ենք ակտիվ քննարկում։

Եթե ավելի մանրամասն եք ուզում, ապա նշենք, որ տարվա սկզբից մինչև նոյեմբերի 30-ը պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացվել է 252.7 մլրդ դրամի մուտք, իսկ հետգնումից եղել է 103.6 մլրդ դրամի ելք։

Ընդ որում, 2016 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը նախատեսված էր 190 մլրդ դրամ, որից 70 մլրդը պետք է ֆինանսավորվեր ներքին աղբյուրներից (ներքին պարտքի ավելացման միջոցով), 120 մլրդը՝ արտաքին աղբյուրներից։ Սակայն ինչպես տեսնում եք, ներքին պարտքը 70 մլրդ դրամով ավելանալու փոխարեն արդեն իսկ ավելացել է 160 մլրդով։ Սա անուղղակիորեն վկայում է այն մասին, որ Հայաստանը արդեն գրեթե սպառել է արտաքին աղբյուրներից պարտք վերցնելու հնարավորությունները։

Իսկ լա՞վ է, թե՞ վատ, որ շեշտը դրվում է ներքին աղբյուրների՝ ներքին պարտքի ավելացման վրա։ Եթե հոգեբանական գործոնը մի կողմ դնենք, ապա կստացվի՝ վատ։

Միայն 1 հանգամանք նշենք. պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը այսօր 13.3% է։ Այսինքն, պետությունը նեպքին պարտքը շատ ավելի բարձր տոկոսով է վերցնում, քան արտաքին պարտքը։ Համեմատության համար նշենք, որ 2014 թվականին պարտատոմսերի եկամտաբերությունը 10%-ից քիչ էր, և 2015 թվականից սկսած այն բարձրացավ՝ պահանջարկը խթանելու համար։

Շատ ավելի պարզ ասած, ներքին պարտքը շատ ավելի թանկ է, քան արտաքին պարտքը, որի մեծ մասը ցածր տոկոսադրույքով ու արտոնյալ պայմաններով վարկեր են։

Եվս մի կարևոր հանգամանք։ Երբ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը բարձր է, առևտրային բանկերը վարկավորման փոխարեն նախընտրում են ձեռք բերել պետական պարտատոմսեր։ Այսինքն՝ ոչ թե վարկավորում են բիզնեսին ու մասնավոր անձանց, այլ 13%-ով վարկավորում են պետությանը՝ գնելով պետական պարտատոմսեր։ Այդպես ավելի շահավետ է, ավելի հարմար, գլխացավանքն էլ՝ ավելի քիչ։

Այսպես, 2016 թվականի սկզբին ՀՀ բանկերն իրենց ակտիվներում ունեցել են 253.3 մլրդ դրամի պետական արժեթղթեր, իսկ հոկտեմբերի վերջին այդ ցուցանիշը հասել է 353.8 մլրդ դրամի։

Այսինքն, 100 մլրդ դրամ, որը կարող էր ուղղվել վարկավորմանը, գնացել է պետական բյուջե։ Իհարկե, պետությունն այդ գումարով որոշակի խնդիրներ է լուծել, սակայն ինչ-որ առումով սա խաթարում է ֆինանսական համակարգի տրամաբանությունը. պետությունը սկսում է մրցակցել մասնավոր հատվածի հետ՝ ռեսուրսների համար, թանկացնում վարկային միջոցներն ու զրկում բիզնեսին՝ էժան ֆինանսներ ներգրավելու հնարավորությունից։

Այս թեմայով կարելի է երկար գրել, սակայն այսքանն էլ բավական է՝ ներքին պարտքի կարևորությունը հասկանալու համար ու տարբեր առիթներով՝ միայն արտաքին պարտքի վրա չկենտրոնանալու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս