«ԱՊՊԱ ծառայություն մատուցող կազմակերպություններն աշխատում են գերշահույթով». Սերգեյ Գյոզալյան
«ԱՊՊԱ ծառայություն մատուցող կազմակերպությունները շահույթ են հետապնդում, և, եթե պետության և հասարակության կողմից չզսպվի նրանց ախորժակը, նրանք միտում կունենանք իրենց շահույթը հասցնել աստղաբաշխական թվերի: Մեր ուսումնասիրություններով՝ վերջին երկու տարվա ընթացքում հավաքագրված ԱՊՊԱ գումարների 50%-ն են միայն կազմում հատկացումները: Դրանից առաջ հատկացումները կազմել են մոտ 75%:
Սա նշանակում է, որ այս ոլորտն ունեցել է գերշահույթներ, իսկ ԱՊՊԱ-ի օրենքում պարզ գրված է, որ չնայած՝ շահույթ հետապնդող կազմակերպություններ են, բայց նրանց շահույթը պետք է լինի ողջամիտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց «Տաքսու վարորդների անկախ արհեստակցական» կազմակերպության նախագահ Սերգեյ Գյոզալյանը:
Նկատենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ ԱՊՊԱ ոլորտում վնասաբերության ցուցանիշը 2016 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմել է մոտ:
Նրա խոսքով՝ թեև ԱՊՊԱ-ի մասին նոր օրենքում դրական կետերը շատ են, բայց խնդիրներ ևս կան.
«Հատկապես տաքսի սերվիսների սեփականատերերի համար խնդիր է այն, որ, եթե նախկինում մեքենան ապահովագրում էին և՛ վարորդը, և՛ սեփականատերը, այժմ ապահովագրելու է միայն սեփականատերը: Դա դժգոհությունների առիթ հանդիսացավ, որովհետև, եթե ընկերությունն ունի վարորդ, որի պատճառով տեղի է ունեցել վթար, այդ վթարից առաջացած մալուսն անցնում է սեփականատիրոջ վրա: Դա շատ մեծ ծախսեր է առաջացնում»:
Նա նշեց, որ հանդիպում են ունեցել ԱՊՊԱ բյուրոյի նախագահի հետ, և վերջինս ասել է, որ հնարավորություն են տալիս, որպեսզի կազմակերպությունների ղեկավարներն ընտրության մեջ լինեն ավելի խստապահանջ, ընտրեն քիչ ռիսկային վարորդների.
«Բայց, ամեն դեպքում, փորձանքը փորձանք է. ինչքան էլ ուզում ես՝ վարորդներին ճիշտ ընտրիր, մասնագիտական ստաժ հաշվի առ, փորձանք է, վթար է լինում: Այդ վթարի համար ինչո՞ւ չպետք է պատասխան տա այդ վարորդը, այլ պետք է պատասխան տա ամբողջ ընկերությունը: Սա շատ մեծ ծախսեր ու անարդարություն է առաջացնում այս ոլորտում, և մենք առաջարկել ենք, որ այս երկու համակարգերը գործեն զուգահեռ: Եթե մարդը կընտրի, որ ապահովագրվի այս եղանակով, որը հիմա է գործում, թող դա ընտրի, իսկ եթե ուզում է նախկին եղանակով ապահովագրվել, թող նա ընտրի»:
Նա ընդգծեց, որ այս առաջարկություններն ԱՊՊԱ բյուրոյում քննարկվել են ու մնացել քննարկման մակարդակում. «Գործնական հարթություն չեն տեղափոխվում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում