«Գործարարների դիրքորոշումը շատ կարևոր է, որպեսզի օտարերկրյա ներդրողների ներհոսք տեղի ունենա»
Մեր զրուցակիցն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը
– Պարոն Կարայան, թե՛ վարչապետը և թե՛ Դուք հայտարարում եք, որ օտարերկրյա ներդրողներին պետք է ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը։ Ըստ Ձեզ` ո՞րն է այդ գրավչությունը։
– Գրավչությունն այն է, որ մենք այսօր տարածաշրջանում միակ երկիրն ենք, որ հանդիսանում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ, դրա հետ մեկտեղ օգտվում ենք GSP+ միակողմանի արտոնյալ առևտրային ռեժիմից այնպիսի երկրների ու միությունների հետ, ինչպիսին են Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան և այլն։ Դա առևտրային այն առավելությունն է, որ Հայաստանը` որպես երկիր, պոտենցիալ ներդրողի համար բացում է մեծ շուկա։
– Բայց ԵՏՄ անդամակցությունից հետո էլ ներդրումների ծավալը մեր երկրում շարունակում է նվազել։
– Մենք այդ շուկաները գնալով մեծացնելու ենք։ Բայց եթե դուք ուշադրություն եք դարձրել և հետևում եք թվերին, Հայաստանի Հանրապետությունում աճում է ինչպես` արդյունաբերության ճյուղը, այնպես էլ` արտահանումները։
– Սակայն տնտեսության աճի միտումների նվազում կա, և արդեն այդ ցուցանիշը մոտենում է 0-ի։
– Եթե դուք ոլորտային ուսումնասիրություններ անեք, ապա կտեսնեք, թե որ ոլորտներում են այդ անկումները տեղի ունեցել։ Դա շինարարությունն է և գյուղատնտեսությունը։ Բայց ներկայումս ավելի առաջանցիկ տեմպերով աճում են արդյունաբերությունը, ծառայությունների ոլորտը, արտահանումը։ Մենք կամաց-կամաց այդ պայմանները ստեղծում ենք։ Այսօր ներդրողների համար մեր երկրում հետաքրքիր են հանքարդյունաբերությունը, դեղագործությունը, թեթև արդյունաբերությունը, էներգետիկան, գյուղատնտեսական մթերքների մշակումը։
– Հայաստանի ներդրումային գրավչության մասին այս տարի հոկտեմբերին ներկայացրեցիք նաև Նյու Յորքում ներդրումային համաժողովի ժամանակ։ Ի՞նչ արդյունքներ ունենք, կա՞ն արդեն արձագանքներ։
– Արձագանքներ արդեն կան, և որոշակի ներդրողներ եկել են Հայաստան, մենք հանդիպումներ ենք ունեցել։ Ներկայումս ևս մեկ թիմ է այցելելու։ Ես ընկերությունների անունները դեռ չեմ ուզում բացահայտել, դրանք Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից են, այստեղ առողջապահության ոլորտում են ուզում ներդրումներ անել, որ կան նաև ամերիկագերմանական համատեղ կազմակերպություններ։ Արձագանքներ մենք անընդհատ սպասում ենք և մենք պետք է մի բան լավ իմանանք, որ միայն ֆորում կազմակերպելը բավարար չէ, ֆորումից հետո մենք պետք է մասնակիցների հետ հետևողական աշխատանքներ իրականացնեք, որպեսզի իրենք գան Հայաստան և ներդրումներ իրականացնեն։
– Վարչապետն օրերս Գյումրիում հայտարարել է, որ մենաշնորհներ չկան Հայաստանում։ Ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս ստացվեց, որ մենաշնորհները միանգամից վերացան։
– Կան բնական մենաշնորհներ, որ մի քանի ոլորտներ են, և օրենսդրությամբ է դա տրամադրված այդ ընկերություններին։ Բացի դրանցից, մենաշնորհներ չկան Հայաստանում, կան շուկայում գերիշխող դիրք գրավող ընկերություններ։ Փոքր տնտեսությամբ երկրներին դա առանձնահատուկ բան է, և դրա համար մենք ունենք հատուկ հանձնաժողով, որն իր ամենօրյա աշխատանքով և գործողություններով պետք է հսկի և վերահսկողություն իրականացնի, որ գերիշխող դիրքի չարաշահում տեղի չունենա։
– Պարոն Կարայան, եթե Դուք ներդրողներին այսպես պայծառ գույներով եք ներկայացնում Հայաստանի ներդրումային և բիզնես միջավայը, կարծում եք` նրանք հավատալո՞ւ են միայն խոսքերին, թե՞ ավելի շատ հավատալու են իրենց պրակտիկային, իրենց գործընկերների փորձին, որն այնքան էլ դրական չէ այսօր, և ավելի շատ բացասական պատմություններն են, քան հաջողված փորձերը, քիչ չեն բիզնես խլելու հետ կապված դատական գործերը։
– Ես կարող եմ խոսել ներկայի մասին։ Առաջինը` այո, գործարարների դիրքորոշումը շատ կարևոր է, որպեսզի օտարերկրյա ներդրողների ներհոսք տեղի ունենա։ Դրա համար մենք շատ կարևորում ենք, որ գործարար և ներդրումային միջավայրը բարելավենք, և ոչ միայն նոր ներդրողներն իրենց շատ կոմֆորտ զգան Հայաստանում աշխատելու համար, այլ նաև ներկա գործարարները։ Դրա համար մենք ստեղծել ենք հարթակներ, դրա համար մենք շատ ակտիվ համագործակցություն ենք իրականացնում, ամենօրյա կապի մեջ ենք լինում գործարարների հետ։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ` վերջին շրջանում ոչ մի բողոք, որ կապված լինի պետական մարմինների կողմից չարաշահումների հետ, չի եղել։ Եթե կան բողոքներ, ես միշտ ասել եմ` մեր նախարարության դռները բաց են, և մենք հենց կոչված ենք անել այն, որ ապահովենք գործարար-պետություն կապը։
– Այդ դեպքում, օրինակ, «Նաիրիտի» հետ կապված եվրոպացի ներդրողներն ինչո՞ւ են դժգոհում, ինչո՞ւ գործն առաջ չի գնում։
– Իրենք չեն դիմել կառավարությանը։ Մենք չենք տեսել իրենց կողմից ներկայացված ծրագիր։ Ես նաև իրենց հետ հանդիպումից հետո հանդիպել եմ գործարանի աշխատակիցների հետ, նրանց էլ եմ բացատրել` չկա կոնկրետ առաջարկ, իրենց կողմից չի եղել կոնկրետ առաջարկ։
– Պարոն Կարայան, Վրաստանը ներդրումների ներգրավման կարողության առումով շատ լավ օրինակ է, և Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը մատնացույց են անում մեր հարևան երկիրը, նաև շատ հայկական բիզնեսներ Վրաստանում ներդրումներ են կատարել։ Եթե մեր երկրում ևս ներդրումային միջավայրը լավն է, ինչո՞ւ են վրացիները պասիվ` Հայաստանում ներդրումներ անելու առումով։ Ինչո՞ւ վրացական բիզնեսը չի գալիս Հայաստան, առավել ևս, որ դեպի ԵՏՄ այդ մեծ` 180 մլն-անոց շուկան օգտագործելու լավ հնարավորություն է ստեղծված, ինչպես մեր իշխանությունն է ասում։
– Նախ` վրացական ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում կան։ Դա` մեկ։ Երկրորդ` մենք շատ լավ ուսումնասիրել ենք Վրաստանի ներդրումային և գործարար միջավայրը։ Դա մեր ամենօրյա աշխատանքը պետք է լինի, որովհետև ցանկացած օտարերկրյա ներդրող որևէ երկրում ներդրումներ իրականացնելիս հաշվի է առնում տարածաշրջանում գտնվող ամեն մի երկրի մրցակցային առավելությունները, և դրա համար մենք մեր առջև առաջնահերթ թիրախներ ենք դրել և կառավարության գործունեության ծրագրով էլ ենք հայտարարել, որ մենք մեկ տարվա ընթացքում Համաշխարհային բանկի Doing business վերլուծությունների մասով առնվազն 4 կետով պետք է առաջընթաց ապրենք։
– Բայց նախկինում էլ ՀՀ-ն դիրքերը բարելավում էր այդ վարկանիշային ցուցակներում։ Կարծում եք` այժմ դա էակա՞ն ազդեցություն կունենա ներդրողների հոսքի վրա։
– Այո։ Ներդրողների հոսքի վրա մի քանի գործոններ են ազդում, առաջինը` ներդրումային և գործարար միջավարը, որն իր մեջ պարունակում է ամբողջությունը` հավասար մրցակցային պայմաններ, պարզ օրենսդրություն, հարկային թեթև բեռ, և երկրի ռիսկայնությունը։