Եվրասիական շուստրիություն
Երեկ Ազգային ժողովում լսումներ էին կազմակերպվել «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» խորագրով։ Հնչեղ է։ Ոչ միայն այն առումով, որ տեղեկություն է պարունակում Հայաստանի՝ արտաքին քաղաքականություն ունենալու մասին, այլ, որ, պարզվում է, այն նաև բաղադրիչներ ունի։
Այդ թվում՝ տնտեսական։ Քննարկման ժամանակ հնչել են բազմաթիվ ելույթներ՝ այն մասին, թե ինչպես պետք է գործեն դեսպանները, ինչ անունով ատաշեներ պետք է ավելացվեն դեսպանատներում, ինչպես նրանք պետք է շուկաներ փնտրեն ու կարևորը՝ գտնեն։ Իրականում Ազգային ժողովում և քաղաքականության հետ կապ ունեցող բոլոր հարթակներում պետք է ամեն օր ու ամեն ժամ քննարկում կազմակերպվի ոչ թե արտաքին քաղաքականության առանձին բաղադրիչների, այլ հենց արտաքին քաղաքականության լինելիության մասին։
Որոովհետև գոյություն չունեցող մատերիաներն առանձին բաղադրիչներ չեն ունենում։ Հայաստանի արտաքին քաղաքականության լինելիությունն իրականում հավասարեցվել է Հայաստանի՝ որպես պետական կազմավորման լինելիության։ Չկա արտաքին քաղաքականություն, չկա պետություն ու պետականություն։
Իսկ Հայաստանն ունի ոչ թե արտաքին քաղաքականություն, այլ Ռուսաստանի շահից ածանցված ու դրա հանգույն գործող գրասենյակ, որի խնդիրը ոչ թե Հայաստանի՝ որպես պետական կազմավորման շահի ձևակերպումն ու հետապնդումն է, այլ դրա ծառայեցումը Ռուսաստանին։ Բոլոր հնարավոր միջոցներով։ Իսկ քանի որ դա այդպես է, ու քանի որ Հայաստանն արդեն հանձնվել է ԵՏՄ կոչվող հետադիմությանը, ապա դրանից բխող որևէ քննարկում այլևս ոչ միայն անիմաստ է, այլ ինքնանվաստացնող։
Բայց Հայաստանի իշխանությանը թվում է, որ կարելի է շուստրիության կանխավարկածով՝ ԵՏՄ մտնելով, փորձել շուկաներ պոկել մնացյալ աշխարհից։ Ինչպես դեռևս պոկվում են դրամաշնորհներն ու պետական վարկերը։ Պոկել ու շարունակել վայելել իշխանությունը ԵՏՄ-ում լինելու համար։ Ու մինչև Հայաստանի իշխանությունը շարունակում է այդ շուստրիությունը, վարչապետն էլ հայտարարում է, թե փաստ չէ, որ ԵՏՄ-ին չանդամակցելով՝ Հայաստանի վնասներն ավելի մեծ չէին լինի, մեր հարևաններից Վրաստանը ու չհարևաններից Ուկրաինան ստանում են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելու հնարավորություն։
Այն հնարավորությունը, որը Հայաստանը կորցրեց՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին՝ առանց վիզայի մուտք գործելով այնտեղ, որտեղ մտնելուց հետո՝ այլ տեղերում, լավագույն դեպքում, քաղաքավարի ժպտում են՝ ցույց տալով համապատասխան տեղը։ ԵՏՄ մտնելով՝ Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև մնացած բոլոր բաղադրիչներն ածանցել է Ռուսաստանից։
Այնպես որ, բարձրագոչ անվանումներով լսումների փոխարեն՝ Հայաստանի արտաքին տնտեսական կապերի մասին որևէ հարց քննարկելու համար Հայաստանի խորհրդարանը, լավագույն դեպքում, պետք է հրավիրի ռուս որևէ չինովնիկի և կազմակերպի ոչ թե լսումներ՝ քննարկման իմաստով, այլ լսում՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով։