Հարկային համաներում. ի՞նչ է առաջարկում կառավարությունը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանն այսօր կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց մի շարք օրենքների նախագծի փաթեթ:
«Առաջարկում ենք առաջինը՝ ինքնազբաղված անձանց ազատել հարկումից: Գործունեության տեսակները, որոնք առաջարկվում է ազատել հարկումից, սահմանվում են օրենքի հավելվածով: Երկրորդ՝ կիրառել հարկային համաներում՝ մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին ազատել այդ գումարների վճարումից: Սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժերից: Մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ երկու և ավելի գույք օտարած և ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց ազատել տույժերից և տուգանքներից: Հարկային մարմին ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնող հարկ վճարողներին ազատել ճշգրտման արդյունքում տույժերի վճարումից»,- ասաց նա:
Վարդան Հարությունյանի խոսքով՝ հաջորդ նախագծով առաջարկվում է փաստացի գործունեություն չիրականացնող գույք և հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն ընձեռել: Մյուս նախագծով առաջարկվում է նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման վերջնաժամկետը 2017թ. հունվարի 1-ի փոխարեն՝ սահմանել 2018թ. հունվարի 1-ը:
Առաջարկվում է ակցիզային դրոշմանիշերի էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017թ. հունվարի 1-ից: Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ հետաքրքիր առաջարկ է. «Պետք է մաքսիմալ տեղեկացված պահել հանրությանը, որպեսզի իմանան՝ ինչի մասին է խոսքը, պատրաստվեն, եթե հարկ կա, նաև կիրառեն այդ արտոնություններն ու նախաձեռնությունները»: