«Իմ հպարտ ուխտագնացությունը դեպի հայրենիք». Քրիս Բոհջալյանի անդրադարձը The New York Times-ում
Ամերիկահայ հայտնի վիպագիր, 18 գրքերի հեղինակ, այդ թվում «Մանկաբարձուհիներ» (Midwives) և «Ավազե ամրոցի աղջիկները» (The Sandcastle Girls) բեսթսելերների հեղինակ Քրիս Բոհջալյանը ծավալուն հոդված է գրել հեղինակավոր The New York Times պարբերականում, որտեղ պատմում է Լեռնային Ղարաբաղ կատարած վերջին այցի և իր տպավորությունների մասին։
Գրողը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի լքված Թալիշ գյուղի բլուրներով անցնող խրամատները հիշեցնում են Առաջին համաշխարհային պատերազմի արևելյան ճակատը՝ երկար, անվերջանալի, նեղ … Խրամատներից ոչ հեռու կանգնած են տանկերը՝ պատրաստ հակահարձակման։
Հեղինակը նկարագրում է սեպտեմբերի 1-ին իր հանդիպումը 32-ամյա կապիտան Գեղամ Գրիգորյանի հետ, որն իր կողքը կանգնած ցույց է տվել դեպի Ադրբեջանի կողմն ու ականապատված անվտանգության գոտին, որը գտնվում է 1 մղոն հեռավորության վրա։
«Եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստվես պատերազմի»,- ասել է նա:
Քրիս Բոհջալյանն այնուհետ գրում է, թե ապրիլի 2-ին չճանաչված Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հանրապետությունում պատերազմ էր։ Ադբեջանը հարձակվել էր սահմանի արևելյան կողմից՝ խախտելով 1994թ. ի վեր հաստատված հրադադարը։
400 հոգանոց Թալիշ գյուղը ռազմական գործողությունների հետևանքով լքվել է, բնակիչները՝ տեղափոխվել այլ վայրեր։ 2 աղջիկների հայր Գրիգորյանը հավատում է, որ Լեռնային Ղարաբաղն ունի իր կարիքը՝ որպես զինվորական։ «Ավելի լավ է հագնել այս համազգեստը, քան կոստյում»,- ասում է կապիտանը։
Գրողը նշում է, որ շատ քիչ թվով ամերիկացիներ կարող են գտնել ԼՂ-ն քարտեզի վրա (քչերը, իհարկե, կարող են գտնել Հայաստանն ու Ադրբեջանը)։
«Ես այս ամառ գնացի Ղարաբաղ՝ այն նույն պատճառով, որով ամեն տարի վերադառնում եմ Հայաստան։ Այս հողն իմ արյան մեջ է, և իմ այցերն ուխտագնացություն են: Ես ամերիկահայ եմ, բայց միայն կյանքիս կեսին հասկացա, թե ինչպես է ինձ կանչում այս հնագույն հողը»,- գրում է Բոհջալյանը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գիծը ռազմավարական կարևոր նշանակություն ունի, դա այն թեժ կետերից է, որ կարող է ապակայունացնել Կովկասը: Ադրբեջանը սահմանը կիսում է Իրանի հետ։ Այն բանից հետո, ինչ Ադրբեջանը հարձակվեց ԼՂ-ի վրա, կողմերը 4 օր պատերազմեցին, մինչև պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադար հաստատելու շուրջ։
«Դա կարճատև, բայց կատաղի պատերազմ էր, որտեղ ներգրավված էին տանկեր, հրետանի ու անօդաչու թռչող սարքեր։ Հարյուրավոր զինվորներ զոհվեցին։ Թալիշում ադրբեջանցի զինվորները սպանեցին և խոշտանգեցին հայ տարեց ամուսինների, ինչպես նաև գլխատեցին հայ զինվորի, ինչի պատճառով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը կոչ արեց հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։
Թեև հայերը քրստոնյա են, իսկ ազերիները՝ մուսուլման, այդ հանգամանքը քիչ դեր է խաղում այս հարցում։ Ադրբեջանը պնդում է, թե ԼՂ-ն իրենն է՝ վկայակոչելով տարածքային ամբողջականությունը, ԼՂ-ն պնդում է, որ կարող է գոյություն ունենալ անկախ` հաշվի առնելով ազգերի ինքնորոշման իրավունքը:
Կան վերլուծաբաններ, որոնք նշում են, թե Լեռնային Ղարաբաղի հայերն օկուպանտ են: Ես դրա հետ համաձայն չեմ, բայց ես Լեռնային Ղարաբաղի կողքին չեմ միայն այն պատճառով, որ իմ ԴՆԹ-ն նույնն է։ Ես հավատում եմ, որ պատմությունը հայերի կողմից է»,- գրում է նա։
Վերջինս նկարագրում է, թե ինչպես է 1998թ. ԼՂ մեծամասնություն կազմող հայ բնակչությունը քվեարկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Այնուհետև նկարագրում է, թե ինչպես են տեղի ունեցել Սումգայիթի ու Բաքվի ջարդերը, որոնց բնակիչները հիմնականում փախել են Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ, ինչպես է սկսվել ԼՂ պատերազմը, որտեղ հաղթեցին հայերը։
Հեղինակն այնուհետ տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչված պետություն է միջազգային հանրության կողմից։ Հանրապետությունը կառուցվում է ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, ունի 140 հազար բնակչություն։ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը դեռևս քիչ հաջողություններ է գրանցել։
«Ադրբեջանը հետևողականորեն ցույց է տվել, որ ունակ չէ կառավարել Լեռնային Ղարաբաղը։ Դա միայն ժողովրդի ինքնորոշման հարցը չէ, դա մի ժողովրդի ինքնորոշման հարց է, որը ոչնչացման սպառնալիքի տակ է»,- ասել է ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը գրողի հետ զրուցում:
«Սա փոքր տարբերություն չէ»,- գրում է Քրիս Բոջահլյանը՝ նշելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտի նոր օդանավակայանի բացման ժամանակ սպառնացել է կործանել ուղևորատար ինքնաթիռները, հերոսացրել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի սեմինարներից մեկի ժամանակ հայ զինվորականի սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ապրիլին խախտել է հրադադարը, գնդակոծել երկու դպրոց, ինչի հետևանքով դպրոցի ճանապարհին 12-ամյա տղա է զոհվել։
Հեղինակի խոսքով՝ ԼՂ-ում մարդկանց հետ ժամանակ անցկացնելուց հետո իր համար պարզ է դարձել, որ այդ ժողովուրդը երբեք չի կազմի Ադրբեջանի մաս։
«Անկախ այն բանից, որ Ադրբեջանն անհամեմատ մեծ է, ես չեմ կարող պատկերացնել, որ Ադրբեջանը կգրավի ԼՂ-ն»,- նշում է նա՝ ընդգծելով, որ ղարաբաղցիները կատաղորեն պաշտպանում են իրենց տունը:
«Հայերի համար սա պայքար է գոյատևման համար։ Դա մեր հայրենիքի մի մասի պահպանումն է։ Ահա, թե ինչու այս երկիրը, չնայած իր փոքրիկ չափերին, միշտ բավականաչափ զինվորներ ունի խրամատներում»,- հոդվածը եզրափակում է նա։