«Հայ-ռուսական զորախմբի վերաբերյալ մտահոգություններ ունեցողները լիովին չեն հասկանում` ինչի համար է նախատեսված այն»
Նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրեցին հայաստանյան հասարակությանը մտահոգող հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը։
Պաշտոնական մակարդակով հայտնի է միայն, որ միացյալ զորախմբի կազմում կընդգրկվեն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ, որոնք կապահովեն Կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը։
Սակայն, իրականում, չի հանրայնացվում, թե ինչ գործառույթներ է իրականացնելու միացյալ զորախումբը, ինչը, ըստ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, գաղտնի տեղեկատվություն է և հանրայնացման ենթակա չէ։
«168 Ժամի» հետ զրույցում ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն ասաց, որ միացյալ խմբավորումը նախատեսված է անվտանգության այնպիսի մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման համար, որոնք կարող են ակտուալ լինել Հայաստանի և Ռուսաստանի համար Կովկասյան տարածաշրջանում։
«Դա կարևոր գործոն է Հայաստանի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից աճող ռիսկերի ու սպառնալիքների պայմաններում, այդ ռիսկերն ամենուր են»,- ընդգծեց Կորոտչենկոն։ Նա չմանրամասնեց, թե տարածաշրջանային որ սպառնալիքների հակազդման մասին կարող է խոսք լինել։ Նրա խոսքով` դա կողմերը կորոշեն` ըստ իրավիճակի, և համապատասխան քայլեր կնախաձեռնեն։ Կորոտչենկոն վստահեցնում է` սա կբարձրացնի ռիսկերի և սպառնալիքների կանխատեսելիությունը։
Հարցին, թե ինչո՞ւ է ռուսական կողմը որոշել փոփոխություններ մտցնել միացյալ զորախմբի պայմանագրում, որը, ըստ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի` գոյություն է ունեցել դեռևս 1990-ական թվականներից, Կորոտչենկոն պատասխանեց, որ նման զորախումբ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն չի ունեցել։ «Ով պնդում է, որ նման զորախումբ է գոյություն ունեցել, թող նա պատասխանի այդ հարցին։ Այդ զորախումբը ստեղծվել է օրերս, երբ Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են համապատասխան համաձայնագիրը»,- շեշտեց Կորոտչենկոն։
Հիշեցնենք, որ մինչ համաձայնագրի ստորագրումը «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ հայկական կողմը կծանոթանա այն փոփոխություններին, որոնք ռուսական կողմը մտցրել է փաստաթղթում։
Անդրադառնալով հայաստանյան փորձագիտական հանրության մտահոգություններին այն մասին, որ անկախ համաձայնագրում ամրագրված կետերի առկայությունից` զորախումբը տնօրինելու է ռուսական կողմը` առաջնորդվելով սեփական ազգային շահերով, Կորոտչենկոն ասաց, որ միացյալ խմբավորման համաձայնագրում կա «միացյալ» բառ։
«Դա նշանակում է, որ ռազմական գործունեությունը, որոշումները կայացվելու են միացյալ կերպով, հենց այդ պատճառով էլ անվանվում է միացյալ։ Ուստի, եթե ոմանք ունեն մտահոգություններ, ապա դրանք կոնկրետ այն մարդկանց ուղեղներում են, որոնք լիովին չեն հասկանում` դա ինչ է ու ինչի համար է նախատեսված»,- վրդովված նշեց Իգոր Կորոտչենկոն` շեշտելով, որ նման զորախմբերում որոշումները, ռազմական նախաձեռնությունները կայանում են միացյալ որոշման արդյունքում։
Վերջինիս հավաստիացմամբ` մարտահրավերները շատ են տարածաշրջանում բոլոր ուղղություններից, հավելյալ միջոցները, որոնք կբարձրացնեն կանխատեսելիությունը, երբեք ավելորդ չեն։
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջացած փակուղու մասին, ռուս ռազմական փորձագետը նման տեսակետ հայտնեց.
«Միանշանակ, ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորել առաջին հերթին` քաղաքական միջոցներով, ուստի բոլոր կողմերը, այդ թվում` Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, կարգավորմամբ շահագրգռված մյուս բոլոր կողմերը պետք է վարեն քաղաքական երկխոսություն։ Այլ հարց է, որ այն կարող է շարունակվել 10-15-20-50 տարի։ Դա ինչ-որ տեղ բնական է, սակայն ավելի նախընտրելի է, քան պատերազմը»։