«Երբ բեռը հասնի Հայաստան, կսկսենք իրացնել այն». Վահրամ Միրաքյանը որոշել է բանան ներմուծել Հայաստան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գործարար, մարքետոլոգ Վահրամ Միրաքյանը որոշել է բանան ներմուծել Հայաստան: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր. «Քանի որ մենաշնորհների վերացման ու հատկապես բանանի ներկրման թեման վերջերս շատ շոշափվեց, մի գործընկերոջ հետ որոշեցինք ներկրել, մոտ 10 տոննա: Գնումն արված է, ARARAT TRANS-ի ֆուռն արդեն գալիս է դեպի Հայաստան: Քանի որ, ինչպես տեսանք, ներկրողներին խանգարելու դեպքեր իրոք եղել են, ես կփորձեմ ներկայացնել ու պատմել ձեզ ամբողջ գործընթացը: Արդյունքում կտեսնենք, թե իրականությունը վարչապետի ասածն է, թե այլ է»:
Պաշտոնը ստանձնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ապրանք ներմուծել Հայաստան: Հայտարարությունից հետո Եվրասիական տնտեսական միության տարածքից, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից, տնտեսվարողներից մեկը փորձել էր բանան ներկրել Հայաստան, սակայն, հանդիպել էր որոշ խնդիրների:
Պետական եկմամուտների կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է Պետական եկամուտների կոմիտե և վերջինս օգնել է տնտեսվարողին: ՊԵԿ լրատվական ծառայությունը, սակայն, չի մանրամասնել, թե մասնավորապես ինչ խնդիրների է հանդիպել բանան ներկրելու փորձ կատարած ընկերությունը:
Ըստ մամուլի՝ մաքսակետն անցնելուց հետո գործարարը ուղևորվել է Երևան, ճանապարհին նրան կանգնեցրել են մի շարք մեքենաներ, «տպավորիչ արտաքինով» երիտասարդներ շրջապատել են նրան և հարցրել, թե արդյոք նա «դաբրո» ունի բանան ներկրելու։ Վեճը հանգուցալուծվել է նրանով, որ երիտասարդները կգ-ն 700 դրամով գնել են գործարարի բանանի ողջ խմբաքանակը։ Իսկ գործարարն ասել է, որ առաջին անգամ էր բանան ներկրում և նպատակը այդ շուկայում աշխատելը չէ։
168.am-ի հետ զրույցում Վ. Միրաքյանը նշեց, որ բանանը ներկրում են Ռուսաստանից. «Մեծ խմբաքանակների դեպքում սովորաբար ներկրում են Էկվադորից, բայց քանի որ փոքր խմբաքանակ ենք ներկրում, ԵՏՄ անդամ ենք, այսինքն՝ մաքսազերծման խնդիր չկար, որոշեցինք Ռուսաստանից ներկրել: Որոշեցի ներկրել որովհետև ունեմ գործարար շահեր, նաև՝ թեմայի շուրջ հասարակական հետաքրքրությունը հաշվի առնելով: Եթե իրոք մենաշնորհը վերանում է, նշանակում է շուկան փոփոխվելու է»:
Վ. Միրաքյանը նշեց, որ արդեն նախնական պայմանավորվածություններ կան, և երբ բեռը հասնի Հայաստան, կսկսեն իրացնել այն. «Մեքենան դեռ Հայաստան չի հասել, դեռ Ռուսաստանում է, Լարսը փակ է, բայց խոստացել են՝ երկուշաբթի Լարսի ճանապարհը բացել, ու մի քանի օրից այստեղ կլինի բեռը»:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Հայաստանում բանանի ներմուծման մենաշնորհը պատկանում է «Քեթրին գրուպ» ընկերությանը, որի սեփականատերը համարվում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, բայց վերջինս հերքում է դա: