«Ժողովուրդ ջան, եկեք ուղղենք մեր մեջքը». Ռազմիկ Պետրոսյան
««Ազատամարտիկների դաշինքի» անդամներն ազատամարտիկներ են, նրանք մարդիկ են, որոնք մեր երկրի, պետության համար կյանք են դրել, ու այս պետության ճակատագրի նկատմամբ մենք չենք կարող անտարբեր լինել, մատների արանքով նայել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» նախաձեռնող խմբի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ առաջիկայում համապետական ընտրություններն են, և իշխանություններից ազատվելն այս երկրի համար ամենաառաջին խնդիրն է. «Մենք չենք կարող անտարբեր մնալ կամ չմասնակցել այս գործընթացներին ոչ միայն՝ որպես ազատամարտիկ, այլև՝ որպես քաղաքացի։ Ուրիշ հարց է, որ մենք այդ մարտավարությունը պետք է միասնական ընտրենք։ Մենք ևս գտնում ենք, որ Հայաստանում առանձին-առանձին քաղաքական միավորներով խնդիրներ հնարավոր չէ լուծել, մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում կփորձենք աջակցել, որպեսզի ընդդիմությունը միավորվի, մեր նպատակն է, որ այսօր քաղաքական ուժերը համախմբվեն մի նպատակի շուրջ։ Եթե կհամախմբվեն, պատրաստ կլինենք համագործակցել ու կփորձենք մեր ներդրումն ունենալ մեր երկրի հետագա զարգացման մեջ։ Չեն միավորվի, որպես քաղաքացի՝ մենք ամեն մեկս կփորձենք մեր հնարավորության սահմաններում աջակցել։ Բայց այն, որ մենք բոլորս համակարծիք ենք, որ մեր երկրում պետք է փոխվի իրավիճակը, դա այդպես է»։
– Կա՞ն որոշակի բանակցություններ, քննարկումներ քաղաքական ուժերի հետ՝ ընտրություններին ընդառաջ։
– «Ազատամարտիկների դաշինքը» բանակցելու ի՞նչ խնդիր ունի։ Մենք այսօր առաջին հերթին՝ մեր խնդիրներով ենք զբաղված, մենք հազարավոր խնդիրներ ունենք, այսօր երկրի համար կռված, հաշմանդամ դարձած տղաների ընտանիքները հացի խնդիր ունեն, գոյատևման խնդիր ունեն, մենք այդ հարցերով ենք հիմա զբաղված։ Իսկ քաղաքական կոնսուլտացիաների, հանդիպումների մասով՝ այնտեղ, որտեղ մենք կզգանք, որ կարող ենք աջակցել մեր քաղաքական ուժերին, մենք անպայման մեր տեղում կլինենք։ Մենք նախ պետք է տեսնենք՝ մեր քաղաքական ուժերն ի՞նչ խնդիր են դնում իրենն առաջ, կամ՝ այդ խնդիրները, որ իրենք առաջարկում են, ինչքանո՞վ են իրենք դրանց մեջ ազնիվ։ Իհարկե, մենք այսօր գիտենք, որ կան առողջ ուժեր, իշխանությունն այսօր փորձում է ականներ դնել ընդդիմադիր դաշտում, մարդիկ կան, որ հայտարարում են՝ չկա ընդդիմադիր դաշտ, իհարկե, կա ընդդիմադիր դաշտ։ Մենք պետք է կարողանանք աջակցել, որ համախմբվեն։
– Հայտնի է, որ Ձեր խորհրդի կազմը լքել է Մանվել Եղիազարյանը, ով «Համախմբում» կուսակցության անդամ է։ Հնարավո՞ր է՝ «Ազատամարտիկների դաշինքը» հենց այդ կուսակցությանը սատարի ընտրություններին։
– Մանվել Եղիազարյանը երեկ վերընտրվել է վարչության անդամ։ Քանի որ նա քաղաքական գործընթացների մեջ է նաև այդ կուսակցության շրջանակներում, մենք հարգել ենք, որ ինքնաբացարկ է հայտարարել խորհրդի կազմում։ Մենք ազատամարտիկներով բոլորս էլ իրար հետ համագործակցում ենք, բոլորս էլ իրար հետ ենք, համակարծիք ենք, իսկ որևէ քաղաքական ուժի սատարելու վերաբերյալ մենք որոշում չունենք, եթե դա լինի, դուք դրա մասին տեղյակ կլինեք։
– Նշում եք, որ ընդդիմադիր դաշտ կա. այդ դաշտում քաղաքական ո՞ր ուժերին եք տեսնում։
– Ովքեր հայտարարում են, որ իրենք ընդդիմադիր են, մենք իրավունք չունենք իրենց չհավատալ։ Ժամանակը ցույց կտա՝ ինչքանով են ազնիվ կամ իշխանության կողմից ստեղծված ընդդիմություն։ Մենք, իհարկե, ունենք շատ կայացած ընդդիմադիր ուժեր, առանցքային, որոնք արդեն ճանապարհ են անցել։ Այսօր իշխանությունն աշխատում է ոչ թե երկիրն այս վիճակից հանել, այլ աշխատում է տրորել, քայքայել այդ ընդդիմադիր իրական ուժերին։ Հիմա պետք է կարողանանք այնպես անենք, որ այդ իրական, մաքուր ու ազնիվ ուժերը միավորվեն ու դառնան մի հզոր ուժ։
Երբ այդ միավորումը կլինի, իշխանափոխությունը շատ մոտ կլինի։ Այսօր ազատամարտիկը բարձրաձայնում է, որ իր կյանք դրած երկրում խնդիր կա, իրեն ազատազրկում են, այսօր մարդիկ ծայրաստիճան քայլերի են դիմում, դառնում են հանցագործ։ Այն քաղաքական ուժերը, որոնք այսօր կփորձեն պառակտել ընդդիմադիր դաշտը, կհայտարարեն, որ իրենք միակն են, ու դրոշակը ճոճելով՝ կփորձեն ժողովրդին խաբել մանդատի համար, իրենք ական են ընդդիմադիր դաշտում՝ իշխանության կողմից դրված։
– Ովքե՞ր են Ձեզ համար այդ իրական, մաքուր ու ազնիվ ընդդիմադիր ուժերը։
– Իրենց անուններ իրենք իրենցով կասեն։ Ես միշտ ասել եմ՝ չկա ուժ, որ բացթողում կամ վրիպում չունենա, մենք չպետք է դրան նայենք, բոլոր տարաձայնությունները մի կողմ պետք է դնենք՝ արևմտամետ են հայացքներով, ռուսամետ են, չգիտեմ՝ ինչամետ են, լրիվ պետք է թողնենք, դառնանք հայամետ, որ այսօր հավաքվենք իրար շուրջ, մեր երկիրը հանենք այս վիճակից։ Նման կերպ մտածող բոլոր քաղաքական ուժերին ես կխնդրեի, որ միավորվեն, հավաքվեն իրար շուրջ, մենք էլ կսատարենք, կկանգնենք իրենց շուրջը ու կասենք՝ ժողովուրդ ջան, եկեք ուղղենք մեր մեջքը։