Քլիվլենդի բժիշկ Րաֆֆիի պատմությունը

«Հեշտ է դուրսը նստել եւ մեղադրել, դա ճիշտ գործ չէ: Պետք է ըմբռնել, թե ինչ դժվարություններ կան ներսում»,- ամերիկյան Cleveland Clinic հսկայական հիվանդանոցների ցանցի անեսթեզիոլոգիայի բաժնի փոխնախագահ Րաֆֆի Ավիթսյանը պատմական հայրենիքը դրսից քննադատողներից չէ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Փորձառու անեսթեզիոլոգ, Ավիթսյանը ոչ միայն անվճար դասախոսություններ է կարդում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, վերապատրաստում հայ բժիշկներին եւ օգնում ավելի շատ կյանքեր փրկել, այլեւ ամերիկյան Cleveland Clinic-ի աջակցությամբ ամերիկահայ գործարարների հետ միասին Քլիվլենդից Հայաստան բժշկական օգնություն ուղարկում:

Պատմական հայրենիքին օգնելու հարցը բժիշկ Րաֆիի համար, հենց այսպես են նրան անվանում Քլիվլենդում, անհրաժեշտություն է: Պարսկաստանում ծնված, Կանադա տեղափոխված եւ վերջապես, Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Րաֆֆի Ավիթսյանը համոզված է, պատմական հայրենիքի կարոտն աննկարագրելի մի զգացմունք է.

«Ավելի շատ ես այդ զգացմունքը զգում քո մեջ, այդ երազանքը զգում, որ մի տեղ է եղել, որ ինձ նման են եղել եւ դեռեւս կա: Երբ տեսնում ես, շատ ես ուրախանում, հրճվում ես: Ես չեմ կարող բացատրել եւ երեւի նրանք, ովքեր Հայաստանում են ապրում, նրանք չեն կարող այս զգացմունքը գգալ: Առաջին անգամ, երբ ես գնացի Հայաստան, ինձ համար շատ հետաքրքիր էր, չեմ կարող զգացմունքը բացատրել, թե ինչպես էր, որ ես զգում էի, թե ամենն ինձ նման են, ամենը նույն մտածելակերպն ունեն, նույն ուտեստներն են սիրում, նույն ձեւի են ուզում խոսել»:

Րաֆֆի Ավիթսյանը մի շարք գյուտերի եւ գիտական աշխատությունների հեղինակ է, նյարդային անեսթեզիայի եզակի մասնագետ, սակայն, իր գլխավոր հպարտությունն իր ընտանիքն է համարում.

«Սյուզելը՝ կինս, եւ երեխաներս, ամեն դժվար օրերին ինձ հետ են եղել եւ հանդուրժել են, եւ օգնել են, եւ հույս են տվել»:

Ի դեպ, ընտանիքում Ավիթսյանները խոսում են միայն հայերեն լեզվով: Դա երկու ծնողների որոշումն էր.

«Մարդ միշտ պիտի հիշի, որտեղից է եկել, ինքը ով է, իր ինքնությունը չմոռանա, ու մենք չո այնքան մեզ համար ենք անում, այն ավելի շատ մեր երեխաների համար ենք անում, որ իրենք էլ տեսնեն, սովորեն, շփվեն: Հույսով եմ՝ կարողանան իրենց զավակներին փոխանցեն»:

Ավիթսյանների համար հայերենն ու հայապահպանությունը բացարձակ արժեք է.

«Երկու աղջիկ ունեմ, երկուսի առաջին լեզուն հենց հայերենն է եղել, հայերեն են լսել, հայերեն են խոսել, մինչեւ հեռուստատեսությունից կամ դպրոցից անգլերենը սկսել են սովորել: Երեխաների մեջ փոքր տարիքից այդ զգացմունքն առաջացել է, որ պատկանելիություն ունեն, մի երկիր կա, որտեղ իրենց լեզուն, այն լեզուն, որ իրենց հայրը եւ մայրն է խոսում: Մենք երեխաներին Հայաստան տարել ենք մեկ անգամից ավել, եւ դա պատճառ է դառնում տեսնեն, որ տեղ կա, որ իրենք փոքրամասնություն չեն, տեղ կա, որ ամենն իրենց նման են, եւ դա շատ է օգնում»:

Ավիթսյանների երկու աղջիկն էլ, Աննան ու Թալինը, մի անգամ չէ, որ Հայաստանում են եղել: Երկուսն էլ նշում են՝ Հայաստան այցելելիս զգում ես աննկարագրելի մի զգացմունք.

«Երբ մենք գնում ենք Հայաստան, մի հատուկ զգացմունք է գալիս, որ մենք մի այնտեղ ենք ուր պետք է լինենք: Այսինքն, Ամերիկան շատ լավ երկիր է եւ մեզ համար շատ լավ է եղել, բայց, երբ գնում ենք Հայաստան, գիտենք, հիշում ենք, որ մեր մեջն է…

Հայաստանն ինձ համար տուն է: Կարծես, գնում եմ տուն, այնտեղ, ուր պիտի լինեմ: Այդպիսի զգացմունք է տալիս ինձ: Այստեղ, այո, տունս է, ընտանիքիս մոտ եմ, ընկերներ ունեմ, աշխատանքս այստեղ է, ամեն ինչն այստեղ է, բայց, ճիշտ կարծես եկել եմ այստեղ հյուր, որ աշխատեմ, փող ստանամ, լավ կյանք ստեղծեմ, հետո հույսով եմ մի օր կարողանամ վերադառնալ տուն: Իմ տուն»:

Տեսանյութեր

Լրահոս