«Ով ով, բայց Հերմինե Նաղդալյանը 1990-ական թվականներին վերաբերող որևէ իրողություն քննադատելու իրավունք ընդհանրապես չունի». Լևոն Զուրաբյան
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ այն «ապօրինի» միջամտություններին, որոնք, ըստ նրա՝ կատարվում են ԱԺ նիստը վարողների կողմից։
Նա խոսեց երեկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի արձագանքի մասին՝ փորձելով կանգնել Ա. Մանուկյանի «թասիբին»:
Լ. Զուրաբյանը նիստը վարողներին հիշեցրեց, որ իրենց իրավունքները և պարտականությունները սահմանված են կանոնարկարգի մասին օրենքով, մասնավորապես՝ 45-րդ հոդվածով։ Նրա խոսքով՝ 45-րդ հոդվածի «զ» կետի համաձայն՝ նիստը վարողը կարգազանց պատգամավորի նկատմամբ ձեռնարկում է զգուշացում՝ անուն, ազգանունը հրապարակելով, իսկ «է» կետով կարող է նաև ընդմիջել ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով։ Ըստ Լ. Զուրանյանի՝ իրենց ելույթները մեկնաբանելով, նիստի վարողները սիստեմատիկաբար և կոպտորեն խախտում են «ԱԺ կանոնակարգի մասին» օրենքը։
«Ընդ որում, սա զարմանալի է Հերմինե Նաղդալյանի պարագայում։ Ով ով, բայց Հերմինե Նաղդալյանը 1990-ական թվականներին վերաբերող որևէ իրողություն քննադատելու իրավունք ընդհանրապես չունի, որովհետև ես չգիտեմ որևէ այլ մարդ, որ այդ տարիների ժամանակ այդքան համառորեն պաշտպանել, աջակցել, սատարել, նեցուկ է եղել Հայոց համազգային շարժման իշխանությանը և առաջին նախագահին։ Ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀՇ-ի գլխավորած ցուցակում նա զբաղեցրել է 221-րդ տեղը, և երբ նա խոսում է նրա մասին, որ այդ տարիներին ՀՀՇ-ն ուղղակի պոլի փետեր էր նշանակում, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս զգույշ լինել արտահայտություններում, որովհետև այդպես ցանկացած արտահայտություն կարող է ուղղվել ասողի դեմ»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ եթե կա մի կուսակցություն, որ իրավունք չունի որևէ թթու խոսք ասել առաջին նախագահի և ՀՀՇ-ի հասցեին, դա հենց ՀՀԿ-ն է. «Որովհետև ՀՀՇ-ի և առաջին նախագահի կատարած, այսպես կոչված, հանցագործություններից և սխալներից հետո ձեր կուսակցությունը, նրա լիդերները՝ Աշոտ Նավասարդյանը, Գալուստ Սահակյանը սատարել են Հայոց համազգային շարժմանը»։
Լ. Զուրաբյանը մեջբերեց ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի խոսքից, երբ 1996 թվականին նա իր աջակցությունը և սատարումը հայտնեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը ընտրություններին. «Նա ասաց. «Լավագույն թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է, իր գործունեության անցած շրջանում նրա կողմից իրականացվել են մեր կուսակցության ծրագրերին համապատասխան մի շարք այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են՝ մեր բնօրրանը հանդիսացող տարածքների մի մասի հայկականացումը, մեր անկախության հռչակումը և բանակի ստեղծում։ Ազգային իղձերի իրականացման առումով ամենաառողջն ու սթափը նա է»։
Այս խոսքերը պատկանում են ձեր կուսակցության ստեղծող, հիմնադիր, լուսահոգի Աշոտ Նավասարդյանին։ Այսքանից հետո դուք իրավունք չունենք 1990-ական թվականներին վերաբերվող իշխանության սխալները քննադատել»։