«Մի ժամանակ կար, երբ ասում էիք՝ ինչի մասին լինի, պոլի փետ լինի, միայն ՀՀՇ-ից լինի, մենք էդ էլ ենք հիշում». Հերմինե Նաղդալյանը՝ Արամ Մանուկյանին

«Ուժային կառույցների ղեկավարները չպետք է լինեն կուսակցական, հիմա Վիգեն Սարգսյանն ինչի՞ մտավ ՀՀԿ, ո՞ր պաշտպանության նախարարն է իր գործունեության ընթացքում եղել կուսակցական, ոչ մեկը»,- այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նա խնդրեց նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ ասել այդ 7000 անձանցից, որոնք դիմել են ՀՀԿ-ական դառնալու համար, քանի՞ չաշխատող մարդ կա, կա՞ մարդ, որ պետական ապարատում չի ու դիմում է ներկայացրել. «Ես մի կուսակցության անդամ եմ եղել, որ իր իշխանության տարիների ընթացքում չի ունեցել 8000-ից ավելի մարդ։ Հնարավոր չէ որևէ երկրում ունենալ 10 հազարից ավելի կուսակցական, ձեզ մոտ այսօր կուսակցականների թիվն անցնում է Հայաստանի բնակչության 8 տոկոսը։ Ո՞ւմ եք խաբում, ինչո՞ւ եք նման բան անում, ձեզ չե՞ն ասում, որ դա հակաէֆեկտ է տալիս»։

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց Ա. Մանուկյանի ելույթին՝ ասելով. «Հարգելի կոլեգա, իսկ կարո՞ղ եք ներկայացնել որևէ փոխնախարարի անուն, որն իր պաշտոնը պահելու համար իր կուսակցությանը դավաճանեց, պարոն Մանուկյան։ Ձեր ելույթն ամբողջությամբ մի համագումարի էր նվիրված, ինչպե՞ս չարձագանքեմ։ Հարգելի գործընկերներ, սիրով հրավիրում եմ մեր կուսակցություն, եկեք, համեցեք, ու այդ 7000-ը, որ իրենց տոմսերը կստանան, բոլորին մեկ առ մեկ կտեսնեք, կխոսեք։ Մի բան էլ ասեմ, պարոն Մանուկյան, չնեղանաք, մեր համագումարում գործազուրկ էր ելույթ ունենում, չլսեցի՞ք, ինչի՞ մասին եք խոսում, իսկ որ հիշողությունների եք անդրադարձել, ապա ձեզ հիշեցնեմ, մի ժամանակ կար, երբ ասում էիք՝ ինչի մասին լինի, պոլի փետ լինի, միայն ՀՀՇ-ից լինի, մենք էդ էլ ենք հիշում»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս