«Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները դարձել են գլխացավանք, որից ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն կարողանում ազատվել»
Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները դարձել են գլխացավանք, որից ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն կարողանում ազատվել։ Այս մասին ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը` Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությա ն բանակցությունների սառեցման որոշման ընդունման մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը։
«Բոլորս էլ գիտենք, որ նոյեմբերի 24-ին Եվրոխորհրդարանը 479 կողմ, 107 ձեռնպահ և 36 դեմ ձայներով քվեարկել է մի բանաձևի օգտին, որով Եվրամիություն-Թուրքիա բանակցությունները սառեցվում են: Առհասարակ, վերջին տարիներին արձանագրվել է կտրուկ սրացում և փոփոխություն Թուրքիայի քաղաքականության մեջ։ Եվրամիությունն իր տարբեր բանաձևերում հորդորել է փոխել այն և արտահայտել դժգոհություն Էրդողանի վարած քաղաքականության վերաբերյալ»,- ասաց թուրքագետը:
Նրա կարծիքով վերջին կաթիլը եղավ այն, որ Թուրքիայում հուլիսի 15-ին չհաջողված հեղաշրջման փորձից օգտվելով, Էրդողանն սկսեց ամբողջական մաքրագործում իր երկրի ներսում։ «Էրդողանը հաշվեհարդար է տեսնում իր բոլոր քաղաքական և ոչ քաղաքական հակառակորդների հետ իբր գյուլենականների հետ կապ ունենալու համար»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը։