«Մի մտահոգվեք, մենք ձեզ ցանկանում ենք, որ դուք մեկ գիշերում համալրվեք 20 հազար, 30 հազար անդամներով». Էդուարդ Շարմազանով
«Օրենքն ընդունելիս՝ այն պետք է նայենք համեմատության մեջ»,- այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա նկատեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը դեպի ազատականացում է տանում. «Տանենք դեպի ազատականացում ու ասենք՝ Պողոսն ու Պետրոսը միավորվեցին ու դարձան մեկ կուսակցություն, դա էլ ճիշտ չէ, կամ, ասենք, որ միավորվել ու կուսակցություն են ստեղծել, ապա կարիք չկա տարածքային կառույց ստեղծելու, դա էլ է սխալ: Այդ դեպքում թող գարեջրասերների կոմիտե ստեղծեն, բայց ոչ՝ կուսակցություն»։
Է. Շարմազանովի խոսքով՝ նոր հեծանիվ չեն ստեղծում, այստեղ պետք է էլի գնան զգուշավոր, բարեփոխումների ճանապարհով. «Դեռևս մեզնից 2500 տարի առաջ մեզնից շատ ավելի խելացի հին հույները և, մասնավորապես, Սոկրատեսը մեզ պատգամել է՝ ապրեք առաքինությամբ, և այդ առաքինության մեջ ամենակարևորը չափավորությունն է։ Եթե մենք ամենուր կորցնելու ենք այդ չափի զգացումը, մենք այստեղ տանուլ ենք տալու։ Ես կողմ եմ ազատականացմանը, բայց աստիճանաբար։ Ես կարծում եմ՝ մենք աստիճանաբար գնալու ենք կուսակցությունների խոշորացման ճանապարհով։ Անխուսափելի է կուսակցությունների խոշորացումը, բայց արհեստականորեն խոչընդոտելը ճիշտ չէ։ Այս դահլիճում, դահլիճից դուրս շատերին է հետաքրքրում իմ հարազատ կուսակցության ճակատագիրը, մեկ գիշերում 7000 հոգով համալրելը, մի մտահոգվեք, մենք ձեզ ցանկանում ենք, որ դուք մեկ գիշերում համալրվեք 20 հազար, 30 հազար անդամներով»։