«ՌԴ ԱԳՆ-ում աշխատող ինչ-որ պաշտոնյա արել է հայտարարություն և այն բերել, դարձնել Հայաստանում քաղաքական օրակարգ… կներեք…»
Հայաստանում կարիք չկա երկրորդ պետական լեզվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու մասին խոսակցություններին։
«Ինչպես կարելի էր լրատվական մի մասով, կներեք բառիս համար, կուլ տալ այն խայծը, որ նետվեց մեր տեղեկատվական դաշտ։ Ռուսաստանի ԱԳՆ-ում աշխատող ինչ-որ պաշտոնյա արել է հայտարարություն։ Այդ հայտարարությունը բերել, դարձնել Հայաստանում քաղաքական օրակարգ… չե՞ք կարծում, հազար ներողություն, որ նման գործելաոճով մեր այդ լրատվամիջոցներն ավելի շատ են նպաստում այդ խնդրի արդիական մնալուն, քան, եթե ընդհանրապես այդ իրադարձությունը չբերեիք՝ Հայաստանի քաղաքական թոփ քննարկվող թեմա դարձնելով»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի այն հայտարությանը, որ կրթական համակարգում ռուսերենն ավելի բարձր կարգավիճակ պետք է ստանա, Արմեն Աշոտյանն ասաց, որ իր պաշտոնանկության օրը հրապարակավ ասել է, որ չի պատրաստվում անդրադառնալ կրթության և գիտության ոլորտների խնդիրներին, եթե դրա անհրաժեշտությունը խիստ չծագի։ «Չեմ տեսնում նման անհրաժեշտություն, որպեսզի այսօր դրժեմ իմ խոստումը և մեկնաբանեմ իմ գործընկեր նախարարի հայտարարությունը»։