«Մենք կլոնավորված անդամների կուսակցություն չենք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ պատմության մեջ 16-րդ համագումարը կարևոր իրադարձություն էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա ՀՀԿ-ն համեմատեց ամերիկյան քաղաքակրթության հետ, որը միգրացիայի մի քանի ալիք է ունեցել. ՀՀԿ-ն էլ, ըստ նրա՝ իր պատմության մեջ ունեցել է ներհոսքի խոշոր ալիքներ՝ կապված այս կամ այն հանրային քաղաքական գործչի մուտքի հետ։

Անդրադառնալով այն գնահատականներին, թե ՀՀԿ-ն շարունակում է մնալ մարդ կուսակցություն, քանի որ բոլոր կարևոր որոշումները կայացվում են բացառապես մեկ անձի կողմից, Արմեն Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ-ն այսօր ներկուսակցական ժողովրդավարության աստիճանով ամենաժողովրդավար կուսակցությունն է։

«Մինչև որոշումների կայացումը մեզ մոտ գործում է կարծիք հայտնելու և բանավիճելու հրամայականը։ Որոշումները կայացնելուց հետո այդ որոշումները պետք է խստագույնս կյանքի կոչվեն։ Սա արդեն կարգապահություն է»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նաև հավելեց. «Մենք կլոնավորված անդամների կուսակցություն չենք։ Մենք կուսակցություն ենք, որ վերից վար միավորում է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որոնց արժեհամակարգային շրջանակը հիմնականում նույնն է»։ Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն ղեկավարում է 2007թ., Անգելա Մերկելը ղեկավարում է Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միությունը 2000թ.։ Այս առումով, ըստ նրա, որևէ խնդիր չկա. եթե անձը վայելում է իր կուսակիցների վստահությունը, շարունակում է պաշտոնավարել։ Ըստ նրա՝ ՀՀԿ-ն երևի միակներից է, որ պատմության ընթացքում 3 առաջնորդ է կորցրել և վերապրել։

Հարցին, թե ինչն էր խանգարում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը մնար անկուսակցական և շարունակեր աշխատել թիմում, ինչպես անում էր մինչ այդ, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ վարչապետն իր դիմումով հաստատեց, որ ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում, հրավիրյալ չէ մեր քաղաքական իրականության մեջ, գործադիր տնօրեն չէ կառավարությունում, ուզում է և պատրաստ է լինել քաղաքական կերպար։ Արմեն Աշոտյանն ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում շատ կարևոր քաղաքական մեսիջ կար՝ կուսակցությունն ընտրություններից վեց ամիս առաջ ազնվորեն ասաց, թե ով է լինելու վարչապետն ընտրությունները հաղթելու դեպքում։ Անդրադառնալով Սահմանադրությունում կատարված փոփոխություններին՝ նաև վարչապետի հետ կապված՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ բոլոր հարցերը լուծվելու են Սահմանադրության և օրենքների շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս