Մահացել է Ղուկաս Մեհրաբյանը
Հայ ազգային Կոնգրեսը խորը վշտով ցավակցում է կուսակցության Աջափնյակ համայնքի տարածքային կառույցի խորհրդի անդամ Ղուկաս Մեհրաբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին եւ կուսակիցներին` վերջինիս վաղաժամ մահվան կապակցությամբ:
Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 13:00-ին` Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցուց:
ՂՈՒԿԱՍ ՄԵՀՐԱԲՅԱՆ
Ղուկաս Մեհրաբյանը 1988 թվականից եղել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից եւ կազմակերպիչներից։ 1990-ական թվականներին վարել է կարեւոր պետական պաշտոններ։ Նույնպիսի ակտիվությամբ եւ նվիրումով, Հայ ազգային կոնգրեսի կազմում, պայքարել է այսօր իշխող ռեժմի դեմ։
Ծնվել է 1948 թ.-ին Վրաստանում: 1965թ. գերազանցությամբ ավարտել է Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1970 թ. ավարտելով բուհը՝ որպես սպա երկու տարի ծառայել է խորհրդային բանակում: 1972-1993 թթ.աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում: 1984-ին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ապա՝ դոցենտի կոչում:
Կատարել է մի շարք հետազոտություններ միջուկների դաշտում ֆոտոծնման, կոմպտոնյան ցրման, միջուկների տրոհման բնագավառներում: 1978-1989թթ. ուսումնասիրել է Երկրամերձ տարածքներում էլեկտրոն- ֆոտոնային փնջերի տարածման և ստեղծված ռադիացիոն դաշտերից պաշտպանվելու խնդիրները: Հեղինակ է ավելի քան 50 գիտական աշխատանքների և մի քանի տասնյակ հրապարակումների: 1993-1999 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման (ՍՉՍ) վարչությունում՝ որպես վարչության պետ:
Համահեղինակ է այդ բնագավառների գործունեությունը կանոնակարգող 4 օրենքների և կառավարության մի քանի տասնյակ որոշումների: Նախապատրաստել է համագործակցության մոտ 40 պայմանագրեր 22 երկրների հետ: 1995-ին հիմնադրել է ապրանքների համարակալման՝ գծիկավոր ծածկագրման EAN-ARMENIA ընկերությունը (այժմ՝ ՋԻ էՍ 1 Արմենիա): 1995 թ.-ին ընտրվել է ԱՊՀ երկրների ՍՉՍ բնագավառները համակարգող միջպետական խորհրդի նախագահ: 1996 թ.-ին նախաձեռնել է Կառավարության կողմից անցկացվող ապրանքների որակի մրցանակաբաշխության ամենամյա մրցույթը:
1997-1999 թթ. ԻՍՕ-ի խորհուրդը նրան ընտրել է Ստանդարտների միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև ԱՊՀ երկրներում: 2004 թվականից դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: