«Սկսեցի մտածել, արդյոք կա՞ իմ ելույթում, խոսքի մեջ որևէ ագրեսիվ տոն, որևիցե ուժի դիրքերից խոսելու պրակտիկա». Սամվել Նիկոյանը՝ նախագահի ելույթի մասին
«Ես կարծում եմ՝ դա բոլորիս էր վերաբերվում»,-այսօր ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցւմ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ խոսելով համագումարի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ականների հռետորաբանության և լեքսիկոնի վերաբերյալ արած անդրադարձի մասին:
Ս. Նիկոյանի խոսքով՝ դա վերաբերվում էր բոլորին. «Երբ այն հնչեցվեց , յուրաքանչյուր կուսակցական, այդ թվում նաև՝ ես, սկսեցի մտածել՝ արդյոք կա՞ իմ ելույթում, խոսքի մեջ որևէ ագրեսիվ տոն, որևիցե ուժի դիրքերից խոսելու պրակտիկա: Ինձ թվում է՝ ես մինչ այսօր բաց և թափանցիկ եմ եղել հանրության համար: Կարծում եմ՝ մենք այդպես պետք է շարունակենք, և յուրաքանչյուր մարդ, այդ թվում նաև ես, պետք է շատ ուշադիր լինենք այն դիտարկումներին, որ արեց ՀՀ նախագահը»:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ է նշանակում Ս. Սարգսյանի այն հայտարարությունը, թե մարդ-կուսակցությունների ժամանակներն անցել են, ի՞նչ եք անելու, փակելո՞ւ եք այդկուսակցությունները՝ Ս. Նիկոյանն այսպես պատասխանեց. «Պառլամենտարիզմի զարգացման նախադրյալները ՀՀ-ում մղում է կուսակցություններին՝ վերամիավորվելու, ընտրությունների գնալուց բոլոր կուսակցություններն էլ հասկանում են, որ միայնակ իրենք շանսեր չեն ունենում, իրենք գնալու են վերամիավորվելու ճանապարհով: Պառլամենտական համակարգի դեպքում դառնում է հրամայական պահանջ»: