
«Հայաստանի բանակը կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժը». Սերժ Սարգսյան

Հայաստանի բանակը կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը. այս մասին այսօր Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում հայտարարեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Բանակը երկրի խոշորագույն սպառողներից մեկն է, ուստի այն չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի տնտեսական առաջընթացի վրա: Մեր ԶՈՒ-ի կարիքների բավարարելուն ուղղված միջոցները, որքան հնարավոր է պետք է ծախսվեն Հայաստանում` սննդից մինչև շինանյութ, սպառազինությունից մինչև ծրագրային ապահովում, այլ ապրանքներ ու ծառայություններ, որոնց կարիքը բանակն ունի: Մենք պետք է հնարավորինս առավելությունը տանք հայկականին` ակնկալելով, որ այդ կերպ երկրում ավելացված արժեք կստեղծվի»,- ասաց Ս. Սարգսյանը՝ ավելացնելով, որ խոսքը, հատկապես վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որտեղ եղած նորարարությունների հիմնական պատվիրատուներից մեկը հենց բանակն է:
Ս. Սարգսյանի խոսքով՝ հայ մասնագետներն ունակ են ստեղծելու ժամանակակից պահանջները բավարարող լուծումներ և բանակը պետք է օգուտներ քաղի այդ լուծումներից: