«Դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունն այլևս անցյալում է». Սերժ Սարգսյան

Հայաստանը շարունակելու է տնտեսական առաջանցիկ աճը՝ ապավինելով իր ուժերին. այս մասին ՀՀԿ 16-րդ համագումարում հայտարարեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Մենք բավարարված չենք ներկայիս ցուցանիշներով, հակառակ դեպքում կարիք չէինք ունենա անընդհատ խոսելու կտրուկ փոփոխությունների անհրաժեշտության մասին: Ավելին, ներքին հնարավորություն կերտելն ու տնտեսական ներուժ ստեղծելը գին ուներ: Մենք մեծացրինք արտաքին պարտքը, սակայն, նախ վերցրած արտաքին պարտքը կատարեց իր հիմնական նպատակը՝ տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին, եւ երկրորդ՝ արտաքին պարտքի հիմնական մասը ներդրվեց հեռանկարային ենթակառուցվածքային այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհը եւ երկրի անվտանգությունը: Այն, բնականաբար, չի վատնվել ընթացիկ ծախսերի վրա»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ գալիք տարիներին փոփոխությունները լինելու են բեկումնային:

«Հասել ենք այն կետին, որտեղ, թեկուզ ինչ-որ չափով ձգելով մեր գոտիները, սահմանափակելով ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը: Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Կարդացեք նաև

Հայաստանն, ի տարբերություն այլ հետխորհրդային երկրների, այնպիսի մակրոտնտեսական միջավայր է ապահովել, որտեղ ցնցումները կարգավորվում են տոկոսադրույքի քաղաքականությամբ, կամ բյուջեի դեֆիցիտի համապատասխանեցմամբ, որտեղ փոխարժեքի կտրուկ տատանումը նույնականորեն չի բարձրացնում գները եւ նվազեցնում մարդկանց իրական եկամուտները, որտեղ մարդը կարող է երկարաժամկետ պլանավորել իր խնայողությունները, կուտակել թոշակը:

«Համեմատության համար, շատ երկրներում ֆինանսական ճգնաժամի հետեւանքով բնակչության զգալի հատված հայտնվեց փողոցում, կամ պետական պահուստների ահռելի կրճատում արեցին, անգամ՝ կենսաթոշակային ֆոնդերի միջոցներ ուղղեցին իրավիճակի կայունացմանը, կամ էապես օգտագործեցին նավթային եկամուտներից ստացված պահուստները: Ուշագրավ էր «Ռոյթերս» գործակալության նվերլուծությունը, որտեղ ընդգծվում էր Հայաստանի ֆինանսական ճգնաժամի հանդեպ ճկուն եւ որոշիչ քաղաքականությունը՝ նշելով, որ մեր տարածաշրջանում Հայաստանը ռեկորդակիր է ճգնաժամի հանդեպ ա րված քաղաքական որոշումների քանակով: Այսպես, 2016-ի ընթացքում Հայաստանը 9 անգամ անգամ անդրադարձել ու կրճատել է վերաֆինանսավորման տոկոսադրույթը, վերջերս արդեն 10-րդ անգամ այն իջեցվեց եւ 2015թ-ի 10.5 տոկոսից այն արդեն այսօր հասել է 6.5 տոկոսի»,- հիշեցրեց Սերժ Սարգսյանը:

Արդյունքում, Հայաստանը, որպես հետճգնաժամային իրավիճակին արձագանքող, դարձավ լավագույններից մեկը՝ տալով տնտեսության ընդլայնում դրամավարկային քաղաքականության լուրջ հիմքեր: «Հերթը տնտեսվարողինն է եւ մեր գործարարի պրպտող, ստեղծագործող ու մրցունակ մտքինը, որի արդյունքների ականատեսն ենք այսօր եւ դրանք, իհարկե, բազմապատկվելու են»,- ասաց Ս. Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս