«Ո՞ր դարում ենք մենք ապրում». Ադրբեջանի առողջապահության համակարգի թերությունները՝ տարածված անվստահության պատճառ

Չնայած տեղի ունեցած նշանակալի բարեփոխումներին՝ տարածված կարծիք կա, որ Ադրբեջանում առողջապահության ոլորտը դեռեւս չափազանց թերի է:

Մահվան ելքով բժշկական սխալների մի շարք սկանդալային դեպքերը նպաստեցին երկրում առողջապահության պետական համակարգի վերաբերյալ կանխակալ վերաբերմունքի ամրապնդմանը:

Չնայած վերջին 25 տարիների ընթացքում Ադրբեջանում կյանքի տեւեողության միջին ցուցանիշի աճ է գրանցվել, առողջապահության համակարգի հանդեպ ընդհանուր անվստահությունը շարունակում է պահպանվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1990 թվականից ի վեր, տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 60-ից աճել է մինչեւ 69, իսկ կանանց կյանքի տեւեողությունը 66-ից՝ մինչեւ 76 տարեկան:

Նույն ժամանակահատվածում մայրական մահացության ցուցանիշը 100,000 ծննդաբերությունների հարաբերակցությամբ 64-ից նվազել է մինչեւ 25, իսկ մինչեւ 5 տարեկան երեխաների մահացությունը 1000 շնչին 20-ից նվազել է մինչեւ 7:

Չնայած այս բարեփոխումներին, ընդհանուր ընկալումն առողջապահության ոլորտի նկատմամբ միանգամայն այլ է: Շարքային քաղաքացիներից շատերը պարզապես չեն վստահում բժիշկներին եւ առողջապահական հաստատություններին`պնդելով, որ սեփական փորձով են համոզվել ոլորտում տիրող կաշառակերության եւ բժշկական անփութության մեջ:

Վերջին միջադեպերի հետ կապված լրատվամիջոցների հաղորդումները հանրության շրջանում առողջապահության ոլորտում գոյություն ունեցող բացերի վերաբերյալ քննարկումների պատճառ դարձան:

Միայն այս տարվա հունիսին ադրբեջանական հիվանդանոցներում մահվան 7 դեպք է գրանցվել, որոնք հիմնականում ընկալվում էին որպես բժշկական անփութության հետեւանք, չնայած միջադեպերին հետեւող պաշտոնական հետաքննությունը ցույց տվեց, որ դեպքերից միայն երկուսն էին բժշկական սխալի հետեւանք:

Հունիսի 21-ին Ադրբեջանի հարավարեւելյան Սալյանի շրջանի հիվանդանոցում ժամանակից շուտ ծնված եռյակից երկու երեխաները մահացան: Մեկ շաբաթ անց մահացավ նաեւ եռյակի վերջին երեխան: Երեխաների հարազատների պնդմամբ՝ նորածինների մահվան պատճառն այն էր, որ նրանց ժամանակին չէին պահել վաղածին երեխաների համար նախատեսված ինկուբատորներում: Պարզվեց՝ ինկուբատորը չէր աշխատում, քանի որ հիվանդանոցում էլեկտրականություն չկար:

«Ո՞ր դարում ենք մենք ապրում: Ինչո՞ւ հիվանդանոցում չկա գեներատոր՝ հոսանքազրկման ժամանակ աշխատելու համար», – զարմանում է մահացած երեխաների տատիկը:

Հունիսին 25-ին աղիքային բորբոքում ունեցող վեց ամսական Սալիմ Լաչինովը մահացավ վիրահատությունից հետո Զագաթալայի շրջանի կենտրոնական հիվանդանոցում: Ծնողների խոսքով՝ երեխան բժշկական անփութության զոհ էր դարձել, թեեւ հիվանդանոցում հայտարարել էին, որ երեխայի վիճակը ծայրաստիճան վատ է եղել, եւ ամեն հնարավորն արվել է նրան փրկելու համար:

Նույն օրը շաքարային դիաբետով տառապող 82-ամյա Թառլան Ալիեւայի՝ փտախտով հիվանդ ձախ ոտքը պետք է անդամահատվեր Բաքվի անոթաբանության եւ միկրովիրաբուժության կենտրոնում: Փոխարենը՝ Ալիեւայի աջ, առողջ ոտքն էին սխալմամբ անդամահատել: Մի քանի օր հետո նաեւ ախտահարված ոտքն էին անդամահատել, սակայն մեկ ամիս անց կինը մահացել էր:

Հունիսի 26-ին, 35-ամյա Լումու Վեիսովան մահացավ Սումգայիթում՝ շտապ բժշկական օգնության հիվանդանոցում, լեղապարկի վիրահատության ժամանակ: Վիրահատող բժիշկը՝ 81-ամյա Ջաֆար Գուլիեւը, որի ձեռքը, ըստ վկայությունների, դողացել է վիրահատության ժամանակ, անզգուշաբար դիպել էր հիվանդի զարկերակին, որից հետո վերջինս մահացել արյունահոսությունից:

Այնուհետեւ՝ հունիսի 30-ին երեքամյա Արզու Գուրբանլին մահացավ Սումգայիթի մասնավոր կլինիկայում ադենոմայի վիրահատությունից հետո:

Մահվան դեպքերից հետո առողջապահության նախարարության կողմից հատուկ հանձնաժողով ստեղծվեց: Գուլիեւին ազատեցին աշխատանքից, իսկ հիվանդանոցի գլխավոր բժիշկը նկատողոթյուն ստացավ: Այս մասին Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտնել էր նախարարության խոսնակը:

Նախարարության մամուլի քարտուղար Լիյա Բայրամովան, իր հերթին, փորձել էր արդարացնել այն փաստը, որ Գուլիեւը, չնայած տարիքին, շարունակում էր վիրահատական պրակտիկան:

«Բժիշկները պետք է ատեստավորում անցնեն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ եւ այս ընթացքում հաստատվում է նրանց մասնագիտական հմտությունների մակարդակը: Եթե բժիշկը գիտական աստիճան ունի, բարձր հեղինակություն է վայելում եւ աշխատունակ է, ապա նրա հետ պայմանագիրը կարող է երկարաձգվել՝ անկախ նրա տարիքից: Ջաֆար Գուլիեւը, չնայած իր պատկառելի տարիքին, անցել էր ատեստավորումը: Իսկ թե ինչպես է այս միջադեպը պատահել, հանձնաժողովը պետք է պարզի», – հայտարարել է Բայրամովան:

Քրեական գործ է հարուցվել նաեւ Ալիեւայի ոտքը անդամահատած վիրաբույժի դեմ՝ անփութության պատճառով ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով: Վիրաբույժը կամ ստիպված կլինի 500 մանաթի (300 դոլար) չափով տուգանք վճարել կամ 6 ամիս կալանավայրում անցկացնել:

Այլ միջադեպերի կապակցությամբ հանձնաժողովը բժշկական անփութության դեպքեր չի հայտնաբերել:

ՏԱՐԱԾՎԱԾ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

«Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժման անդամ եւ բժիշկ Խադիջա Հաջիլին նշում է, որ բժշկական անձանակազմի ներկայացուցիչները հաճախ կարողանում են խուսափել պատասխանատվությունից սեփական արարքների համար:

«Բժշկի թույլ տված անփութությունը հաճախ անպատիժ է մնում: Երկրորդ պատճառը անկախ փորձագետների եւ պարտադիր բժշկական ապահովագրության բացակայությունն է: Բժշկական անփութության հետ առնչվող քաղաքացիները պարզապես չեն կարողանում ապացույցներ բերել», – ասում է Հաջիլին:

«Մյուս կողմից, առաջին հայացքից անվճար թվացող բժշկական ծառայությունները ստիպում են հիվանդներին կախվածության մեջ մնալ պետական հիվանդանոցներից: Այս հիվանդանոցներում պետք է կաշառել բժիշկներին [ոչ պաշտոնապես], սակայն այսպես ավելի մատչելի է ստացվում, քան մասնավոր հիվանդանոցներում բուժումը: Իսկ ապահովագրության առկայության դեպքում մարդիկ կկարողանային բուժում ստանալ այնտեղ, որտեղ կցանկանային», – հավելում է Հաջիլին:

Առողջապահության պետական համակարգում տիրող անմխիթար վիճակի հիմնական պատճառը, ըստ նրա, այս ոլորտում խորապես արմատացած կոռուպցիան է:

«Ադրբեջանի բժշկական համալսարանում, ինչպես բլոր պետական բուհերում, ուսանողները կաշառում են [դասախոսներին] լավ գնահատականների համար: Բուժհաստատություններում բժշկական անձնակազմը կաշառք է վճարում՝ աշխատանք ստանալու համար, այնուհետեւ հիվանդներից են կաշառք վերցնում՝ իրենց աշխատատեղերը պահելու համար: Այս ամենը չի կարող ամվստահություն չառաջացնել երկրի առողջապահության համակարգի նկատմամբ», – ասում է Հաջիլին:

Ադրբեջանի անկախ բժիշկների միության նախագահ Գալիբ Ալիեւի խոսքով՝ ոլորտի առաջնահերթ խնդիրն արդյունավետ կառավարման բացակայությունն է:

Նա նշում է, որ բյուջեի 70 տոկոսը ծախսվում է սարքավորումների, կլինիկաների եւ նոր հիվանդանոցների շինարարության վրա, եւ միայն երեք տոկոսն է հատկացվում բժշկական անձնակազմի աշխատավարձերը վճարելուն:

«Ադրբեջանում բժիշկներին վճարվող աշխատավարձերը երեք անգամ զիջում են Եվրոպայում վճարվող անաշխատունակության նպաստներին», – ասում է նա:

Պետական հիվանդանոցում աշխատող բժշկի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 130-450 մանաթ (80-277 դոլար)՝ կախված բժշկի մասնագիտական որակավորումից:

Ալիեւը նշում է, որ հիմնականում ցածր աշխատավարձերի պատճառով է, որ բժիշկները եւ բուժանձնակազմի այլ անդամները հաճախ են խախտում աշխատանքային էթիկան:

«Արդյունքում՝ մարդիկ կորցնում են վստահությունը ողջ համակարգի նկատմամբ: Հստակ  օրենսդրություն է անհրաժեշտ, որը թույլ կտա բարձր գնահատել բժիշկների կատարած աշխատանքը եւ կստիպի նրանց պատասխանատվություն կրել իրենց անփութության համար: 2008 թվականին մեր կազմակերպությունը օրինագիծ մշակեց, որը կոչվում էր «Բժշկական կանոնագիրք» եւ ներկայացրեց խորհրդարանի քննարկմանը: Սակայն օրինագիծը դեռեւս չի քննարկվել», – ասում է նա:

azerbaijan-arzu_gurbanli-gurbanli

2012 թվականին (միակ տարին է, որի համար վիճակագրական տվյալներ են հասանելի) առողջապահության նախարարությունը հանրային առողջապահության ոլորտում խախտումների համար քրեական պատասխանատվության ենթարկման 235 դեպք էր արձանագրել: Այս փաստերով հարուցված քրեական գործերից 52-ը կապված են ծննդատների եւ նախածննդյան կլինիկաների հետ:

Միաժամանակ, կառավարությունը նախատեսում է պարտադիր բժշկական ապահովագրության պիլոտային (փորձնական) նախագիծ ներդնել երկրի երկու շրջաններում: Նախագծի նպատակն է թույլ տալ քաղաքացիներին բարձրորակ բժշկական ծառայություններից օգտվել՝ պետական հիվանդանոցների միջեւ մրցակցային մթնոլորտ ապահովելու եւ ոչ պաշտոնական վճարների պրակտիկան վերացնելու միջոցով:

«Մենք պատրաստվում ենք փուլ առ փուլ իրականացնել այս գործընթացը», – հայտարարել էր կառավարությանն առընթեր գործող պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության տնօրեն Զաուր Ալիեւը Ադրբեջանի ԱՊԱ գործակալության հետ զրույցում:

«Այս գործընթացը կտարածվի ողջ երկրի տարածքում, երբ Մինգեչաուրի եւ Եվլախի շրջանների հիվանդանոցներում սկսեն օգտվել պարտադիր բժշկական ապահովագրությունից: Համակարգը կգործի երկրի շրջանների մեծ մասում արդեն 2018 թվականին»:

Այնուամենայնիվ, կառավարության ծրագրերի հեռանկարները դեռեւս անորոշ են մնում:

«Այս հարցը քննարկվում է դեռեւս 1990-ականների վերջից: Սակայն նախագծի ներդրումն անընդհատ հետաձգվել է», – ասում է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության նախագահի խորհրդական Ազեր Իսմայիլը:

«Կարծում եմ՝ նավթային բումի ժամանակաշրջանում այս խնդրի լուծումը պետք է կառավարության առաջնահերթ խնդիրը լիներ: Չգիտեմ՝ որքանով հնարավոր կլինի կյանքի կոչել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգն այսօր, երբ երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է», – եզրակացնում է նա:

Հեղինակ՝ Գյուլնուր Քազիմովա, արտերկրում բնակվող լրագրող, ծագումով Ադրբեջանից: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» #828 պարբերականից (19-ը հոկտեմբերի, 2016թ., Ադրբեջան):

 

Տեսանյութեր

Լրահոս